Home / Հայաստան / Ինչպե՞ս է Սուրեն Զոլյանը տնօրինել Բրյուսովի բյուջեն. աղբյուր

Ինչպե՞ս է Սուրեն Զոլյանը տնօրինել Բրյուսովի բյուջեն. աղբյուր

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթն այսօրվա համարում անդրադարձել է Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ ԱԱԾ հրավիրվելու փաստին: Թերթը հիշեցնում է, որ Սուրեն Զոլյանն այդ առնչությամբ հայտարարել էր, որ իրեն ԱԱԾ են հրավիրել Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հնչեցրած իր ելույթի հաջորդ օրը:

Թերթի տեղեկություններով, սակայն, Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ է եղել, որ կանչված է ԱԱԾ, և հենց այդ պատճառով նա խնդրել է «Ժառանգությունից», որպեսզի իրեն ելույթի հնարավորություն տան: Ելույթից հետո նոր միայն Զոլյանը հայտարարել է, թե իրեն կանչել են ԱԱԾ` այդպիսով փորձելով քաղաքական հնչեղություն հաղորդել կատարվածին:

«ՉԻ»-ի տեղեկություններով՝ Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության հանգամանքով պայմանավորված: Դա եղել է այն ժամանակ, երբ Զոլյանը դեռևս ռեկտոր էր: Գործը կապված է բուհի կատարած գնումների հետ:

«Բանն այն է, որ Զոլյանը բավական լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկաները, և դրանք կախել է Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանն արել է բուհին տրամադրված պետական բյուջեի հաշվին», –  գրում է թերթը:

«ՉԻ»-ի լրագրողը զանգահարել է Սուրեն Զոլյանին ու նշել, որ ինքը Բրյուսովում չարաշահումների հետ կապված տեղեկություններ ունի, ինչին Սուրեն Զոլյանը պատասխանել է.

«Էդ ԿԳԲ-ից միանգամից Ձեզ են հա՞ գործը ուղարկել: Ոչ նման բան չի եղել… Եթե Դուք լուրն ունեք, ապա ես լուր չունեմ: ԱԱԾ-ում նման բան չի եղել: Եթե ուզում եք, ես վաղը չէ մյուս օրը, գաղտնի բան չունեմ, կգաք, ասուլիսի ժամանակ կխոսեմ այդ մասին…»: