Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության միջնորդությունը` Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ կալանավորվածը Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչև 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը:
Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետությանը պատճառած խոշոր վնասի համար:
«Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող և այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում՝ վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է: Եվ չնայած Մնացականյանի մասով նախաքննությունը նոր թափ է հավաքում, Գյումրիում խոսում են, որ այս կալանավորումը քաղաքական պատվեր է: Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը, մինչև փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել իշխանությունների աչքից», – գրում է թերթը: