Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պատրաստվում է վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը, այն համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ մարզադաշտում աշխատանքները կատարվելու են 5 տարվա ընթացքում:
Հայրապետյանն ասել է, որ Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել 2020 թվականի Եվրոպայի առաջնության որևէ խմբի հանդիպումները «Հրազդան» ստադիոնում ընդունելու համար:
Հիշեցնենք, որ, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն անցկացվելու է ոչ թե մեկ երկրում, այլ մի քանի եվրոպական քաղաքներում: Եզրափակիչ հանդիպումն անցկացնելու իրենց ցանկության մասին արդեն հայտնել են Լոնդոնը և Կիևը: Առաջնության ձևաչափի և ընդունող քաղաքաների մասին որոշումը ՈՒԵՖԱ-ն պետք է կայացնի 2014 թվականին: