Երեկ Ազատության հրապարակում հանրային քննարկման բանախոսը ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանն էր, ով միացել էր ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:
Քննարկմանը Անդրեասյանը խոսել է Հայաստանի համար արդիական հանրային լռության կոնցեպտից: Բանախոսն ասել է, որ, այսպես կոչված, խոսուն լռությունը, որը ակուստիկ առումով նույնական է անդորրին, սակայն ավելի նման է խոսքին, տարբեր նպատակներ է ունենում:
«Խոսուն լռության տարբերակներից մեկը հանրային լռությունն է, որը հիմնականում բացասական է մեկնաբանվում՝ նկատի ունենալով հարմարվողականությունը, երբ մարդիկ գերադասում են չբարձրաձայնել խնդիրների մասին և փոխարենը ստանում են որոշակի ռեսուրսներ»,- ասել է Անդրեասյանը՝ նշելով, որ Հայաստանում հենց այս լռությունն է գերակշռողը: Բանախոսը օրինակ է բերել դասադուլի դեպքը, որի ժամանակ տեղի ունեցած իրավախախտումների մասին ԵՊՀ 3000 դասախոսներից հայտատարել և դադապարտել են միայն չորսը:
«Ինստիտուցիոնալ մարմինները մենախոսային մարմիններ են: Իսկ դրանց հակակշիռ ուժը, որը կարող էր երկխոսող կողմ լինել, իր առջև դրել է իշխանափոխության նպատակը և չի թողնում, որ այլ հարցեր ևս մտնեն քաղաքական համակարգ: Եթե նման շրջանակներում խոսվում է այլ հարցերից, քան իշխանափոխությունն է, առաջ է քաշվում այն թեման, որ սա կեղծ ընդդիմություն է, որ գլխավոր խնդիրը թողած՝ երկրրոդական հարցերի հետևից է ընկել:
Այսինքն, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ մեր քաղաքականությունը չի կարողանում լռությունը խախտել: Եվ քաղաքացիական դաշտն է ստիպված վերցնում այն գործառույթները, որ քաղաքականությունը պետք է աներ»,- ասել է Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն այսպես չի լուծվում, քանի որ իրական խնդիրները, որոնցով պետք է զբաղվեր քաղաքացիական հասարակությունը, մնում են ուշադրությունից դուրս: Խոսքը, ըստ բանախոսի, հանդուրժողականության, այլախոհության ապահովման մասին է:
Անհանդուժողականությամբ զբաղվելն էլ, իր հերթին, ավելի խորը խնդիրների է հանգեցնում: «Արդյունքում՝ որոշ թեմաներ դուրս են մնում քննարկումից և կապ չունի՝ ինչ բևեռ ես դու ներկայացնում, գլոբալ անհանդուրժողականության պայմաններում չես կարող քննարկել այդ դուրս մղված թեմաները: Օրինակ՝ մենք ոչ մի կերպ չենք կարող քննարկել հայերի տեղացի կամ եկվոր լինելը, Ցեղասպանության հետ կապված շատ հարցեր, ազգային մշակույթի հետ կապված խնդիրները: Սրանք տաբու թեմաներ են, որոնք, անկախ քաղաքական ու քաղաքացիական կողմոնորոշումից, ընդունվում են որպես աքսիոմատիկ ճշմարտություններ և դարձնում են անլսելի ցանկացած խոսակցություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Որպես օրինակ նա բերել է անցյալ տարի տեղի ունեցած հանդուրժողականության երթը, որի դեմ միասնական բացասական կարծիք էին արտահայտել մարդիկ, ովքեր այլ հարցերում համակարծիք չէին:
Անդրեասյանը նկատել է, որ կա տարածված կարծիք, թե վիրտուալ հարթակներում երկխոսությունը բերում է լռության կոտրման, սակայն հավելել է, որ վիրտուալ թվացյալ ակտիվությունը հաճախ զերծ է պահում իրական ակտիվությունից, ուստի երբեմն օգնելու փոխարեն կարող է նույնիսկ խանգարել լռության հաղթահարմանը: