Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովը բացասական գնահատական է տվել Ջրվեժի մոտ հանքի շահագործման նախագծին: Այս մասին Epress.am-ի հետ զրուցյում հայտնել է հանձնաժողովի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նման որոշման պատճառն այն է, որ հանքը գտնվում է Երևանին շատ մոտ բնակավայրում: Բացի դա, քաղաքի օդի աղտոտվածությունը առանց այն էլ բարձր է՝ նորմալից 9-10 անգամ: Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքի տարածքում շահագործվում է 29 հանք, ինչը շատ է Երևանի նման փոքր քաղաքի համար:
Հիշեցնենք, որ Ողջաբերդի անդեզիտաբազալտային հանքավայրի շահագործման նախագիծը ներկայացրել է «Վարդենիսի քարհանք վարչություն» ընկերությունը: Առաջին հանրային լսումները անցկացվել են մարտի սկզբին:
Դանիելյանի խոսքով՝ քաղաքապետարանի որոշումը կարևոր փաստարկ է նախարարության համար, սակայն պարտադիր չէ, որպեսզի նախարարությունը մերժի հանքի շահագործման արտոնագիր տալ՝ հիմնվելով միայն քաղաքապետարանի որոշման վրա:
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գործընթացը շարունակվում է:
«Դա երկար գործընթաց է: Մեր մասնագետները պետք է փորձաքննություն անցկացնեն, նոր հանրային լսումներ: Այսինքն՝ դեռ վաղ է ասել՝ հանքը կգործի, թե՝ ոչ»,- ասել է Հակոբյանը: