ԲՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, ով գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, իրեն ավելի լավ է զգում:
«Աստիճանաբար ամեն ինչ դեպի լավն է գնում: Գիտակցությունը տեղն է, վիճակը կայուն: Տեսակցելու իրավունք ունեն միայն ընտանիքի անդամները ու շատ մտերիմ մարդիկ՝ հասկանալի պատճառներով», – այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորի մամուլի ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը:
Ավելի վաղ Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում անդրադարձել էր մամուլի այն հրապարակումներին, թե վթարի պատճառ կարող էր հանդիսանալ վերջին շրջանում Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, ինչպես նաև քաղաքական պատվերը:
«Ոչ հերքում, ոչ հաստատում ենք: Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում», – նշված էր հաղորդագրոթյան մեջ:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորն ավտովթարի է ենթարկվել ապրիլի 4-ին՝ կեսգիշերի մոտ՝ Հրաչյա Քոչար փողոցում: