Home / Տեսանյութեր / Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ չի տալու պահի տակ որոշումներ կայացնել. նախագահականը չի գրոհելու

Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ չի տալու պահի տակ որոշումներ կայացնել. նախագահականը չի գրոհելու

Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում գրոհել Նախագահական նստավայրը, քանի որ գրոհելը այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Այս մասին նա ասել է այսօր Ազատության հրապարակից մեկնարկած երթի ժամանակ: Ըստ «Ժառանգության»՝ Երևանի քաղաքապետարան ներկայացրած հայցի՝ երթը պետք է անցներ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Գ. Լուսավորիչ փողոց-Հ.Պարոնյան փողոց-Պռոշյան փողոց-Մ.Բաղրամյան պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով: Քաղաքապետարանը, սակայն, առաջարկել էր փոխել երթի ուղին՝ նշելով, որ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրում նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ և հանդիպումներ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ, հետևաբար, «իրազեկման մեջ նշված երթուղով երթի անցկացումը կարող է էական դժվարություններ ստեղծել արարողակարգային միջոցառումների իրականացմանը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը երթի ժամանակ նշել է, որ որևէ հակասահմանադրական քայլի չի գնալու և թույլ չի տալու պահի տակ որոշում կայացնել: Նրա խոսքով՝ այն, որ իշխանությունները արգելեցին երթը կազմակերպել Բաղրամյան պողոտայով, վկայում է, որ Սերժ Սարգսյանը վախեցած է: Ընդդիմության առաջնորդի խոսքով՝ ինքը կցանկանար նախագահական նստավայրի կողքով անցնելիս մտնել և «մի երկու խոսք ասել»:

Հասնելով Մյասնիկյանի արձանի մոտ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ծաղիկներ դրեց 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին և ծնկի իջավ՝ իր այս քայլովընդգծելով, որ երբեք թույլ չի տալու, որ որևէ մեկի արյունը թափվի: Մյասնիկյանի արձանի մոտ եկած Մարտի 1-ի զոհերից մեկի մոր հետ ողջագուրվելուց հետո Հովհաննիսյանը հայտարարեց. «Այլևս երբեք»:

Երթի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցող մարդիկ շարունակ վանկարկում էին «Րաֆֆի, նախագահ»:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի երթը շարունակվում է: