Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին՝ նրանց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ, «Հանդիպումը տապալվեց» հոդվածում գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր: Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով: Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տևական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրևը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել», – գրում է թերթը:
«Հրապարակ»-ը նշում է, որ նախատեսված է եղել անձրևի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են և մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը: Թերթի փոխանցմամբ՝ դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները: