Այսօր Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին և մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակել է Արման Սաղաթելյանին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հիշեցնենք, որ Արմեն Արզումանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:
Արման Սաղաթելյանը 38 տարեկան է, 1997 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, նույն տարում ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին: Քաղաքական գիտությունների թեկնածու է:
1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում, իսկ 2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է: 2011-2013 թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է:
Սաղաթելյանը պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Սերժ Սարգսյանի նոր մամուլի խոսնակը 90-ականների կեսին հանդիսացել է ռուսաստանյան Ուրախների և հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի ներկայացուցիչ, 1996 թվականին եղել է նաև թիմի ավագը: Այդ փաստը ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածված Սաղաթելյանի կենսագրական տվյալների մեջ նշված չէ: