ԱԱԾ քննչական վարչությունն ավարտել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան այսօրվա գրառման համաձայն, գործի նյութերը տրամադրվել են ծանոթանալու նպատակով։ Մինչդեռ, «Փաստինֆո» գործակալության տեղեկություններով, կողմերն արդեն ավարտել են գործի նյութերին ծանոթանալը և առաջիկա օրերին քրեական գործը կուղարկվի դատարան։
Գործակալությունը հիշեցնում է, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Դեպքի վայրից առգրավվել էր 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից վիրահատության ընթացքում:
Փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:
Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իսկ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է 34-38-305-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ՝ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան սպանությունը կազմակերպելու փորձ անելու համար։