Մոտ 23:15-ի սահմաններում բարեհաջող ավարտվել է Գյումրու Շիրակացի փողոցում իր տան մոտ հրազենային վնասվածքներ ստացած Հարություն Խաչատրյանի`քավոր Հարութի վերին վերջույթի վիրահատությունը, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին Aravot.am–ին տեղեկացրել են Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնից:
Վիրահատությունը տևել է 2 ու կես ժամ, բացի ուսի հատվածից, վնասվել է Հարություն Խաչատրյանի ծնոտը:
Կայքը հիշեցնում է, որ, ըստ նախնական վարկածի, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այս երկու մտերիմներին` քավոր Հարութին ու Գյումրու ավտոկայանում աշխատող Շեկո մականունով երիտասարդին՝ Արտյոմ Կարապետյանին, կրակել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդիներն ու թիմակիցները: Շեկոն հիվանդանոց տեղափոխվելուց 20 րոպե անց մահացել էր: Ինչպես պարզաբանեց հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանը, այսօր ժամը 13.00-ի սահմաններում շտապօգնության մեքենայով իրենց հիվանդանոց են բերել հրազենային վնասվածքներով երկու տուժածների` մեկը անգիտակից վիճակում, մյուսի գիտակցությունը տեղն է եղել, սակայն ծանր վիճակում:
«Արտյոմ Կարապետյանի մոտ կար աջ նախաբազկի միջանցիկ հրազենային վիրավորում, և որովայնի աջակողմնային պատի թափանցող վիրավորում: Այս տուժածը անգիտակից էր, ճնշումը բացակայում էր, հիվանդը շտապ բարձրացվել է վիրահատարան, ձեռք են առնվել վերակենդանցման միջոցառումներ և միևնույն ժամանակ կատարվել են հնարավոր հետազոտություններ` էխոսկոպիկ հետազոտություն, ռենտգեն քննություն, որովային խոռոչում հայտնվել է հրազենային գնդակ և մեծ քանակությամբ հեղուկ, որը մենք գնահատել ենք որպես արյուն: Եվ շտապ կազմակերպվել, կատարվել է վիրահատություն, որովայնահատում, որի ընթացքում որովայնի խոռոչում հայտնաբերվել է մեծ քանակությամբ արյուն և մակարդումներ, որովային օրգաների, տվյալ դեպքում աղիների բազմաթիվ վնասվածքներ մինչընդերքի և այլ օրգանների: Վիրահատության ընթացքում կատարվել է այդ կուտակված արյան և մակարդումների հեռացում, աշխատել ենք պարունակությունը աղիների բացառել, թափվել է որովայնի խոռոչ, բայց անեստեզոլոգի կողմից վիրահատությունից մոտ 20 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, ձեռք առնված միջոցառումները եղել են ապարդյուն, չի վերականգնվել, և այդ պայմաններում շարունակել վիրահատական ակտիվ միջամտությունը անիմաստ է եղել , գրանցվել է բիոլոգիական մահ հիվանդի մոտ»,- պարզաբանել է բժիշկ Տիտիրյանը: