Home / Համայնքներ / Հրանտ Դինք. Պետք չէ հայությանը նայել որպես միատարր ամբողջություն

Հրանտ Դինք. Պետք չէ հայությանը նայել որպես միատարր ամբողջություն

«Պատմության գրված էջերը կատարվածի մասին են, իսկ սպիտակ էջերը՝ գալիքի: Հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից դարերից եկող ու դեպի դարեր գնացող մեր ընդհանուր ճակատագիրը դեռևս առջևում է: Գլխավոր հարցն այն է«թե այսօր այդ սպիտակն ինչպես ենք պատրաստվում լրացնել»:

Այս տողերը 2005 թվականի նոյեմբերի 5-ին գրել է հայազգի ականավոր գործիչ, լրագրող, հրապարակախոս, «Ակօս» հայ-թուրքական պարբերականի խմբագիր Հրանտ Դինքը, ով 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլում:

Դինքն առաջիններից էր, ով Թուրքիայում հրապարակայնորեն սկսեց քննարկել Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի այն կողմերը, որոնց մասին արգելված էր գրել: Նա վստահ էր, որ հայկական, քրդական, հունական հարցերը պետք է լուծվեն միաժամանակ ավելի լավ Թուրքիայի Հանրապետություն ստեղծելու միջոցով:

Epress.am-ը Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը ներկայացնելու է Հրանտ Դինքի հոդվածները 1915 թվականի ողբերգական իրադարձությունների, հայ-թուրքական հարաբերությունների, ժամանակակից Հայաստանի և Թուրքիայի մասին:

Հոդվածները վերցված են Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքից, որը հրատարակել է «Հրանտ Դինք» հիմնադրամը Մկրտիչ Սոմունջյանի թուրքերենից թարգմանությամբ:

Հրանտ Դինք. Հարաբերությունների բացակայության պատճառներըՊատմությունՀոգեխեղումՄտագարություն

Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների բացակայության գլխավոր պատճառները պատմությունը և պատմությունից մնացած համապատասխան հոգեվիճակներն են: Իրականում երկու կողմի՝ միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը անառողջ է ու անհանագիստ: Ինչքան էլ դժվար լինի, պետք է խոստովանել, որ հայերն իրենց հոգեխեղմամբ, իսկ թուրքերն էլ իրենց մտագարությամբ կլինիկական հիվանդության կրողներ են: Երկուսի ինքնության մեջ էլ հակառակ կողմը «խորթ է», և այդ «խորթությունը» մի տեսակ անխուսափելի գոյավիճակ է: Այդ պատճառով առանց վերլուծելու հայկական ինքնության մեջ «թուրքի», իսկ թուրքի ինքնության մեջ՝ «հայի» անժխտելի դերը, բավականին դժվար է աղջամիտ առաջարկներ անել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Վերլուծելիս էլ պետք չէ հայությանը դիտել որպես միատարր ամբողջություն, այլ հարկավոր է առանձին-առանձին խոսել Հայաստանի հայերի, սփյուռքահայերի և թուրքահայերի մասին: Ընդ որում, այս սկզբունքային բաժանման դեպքում նրանց չպետք է դիտարկել նույնանման, քանի որ այդ ամբողջություններից յուրաքանչյուրն  ունի իր տարբերակիչ հատկանիշները:

Անկասկած, հոգեխեղման ամենածանր վիճակում գտնվում են սփյուռքահայերը: Այսօր աշխարհում հաշվվում է 8 միլիոն  հայ, որի 1/3-ը Հայաստանում, իսկ 2/3-ը սփյուռքում  է վաստակում իր ապրուստը: Ահա, այս պատկերն էլ բավական է՝ ցույց տալու հայ ազգի ներսում առկա պարադոքսը: Մեկ հարյուրամյակ առաջ անկախության ձգտող ազգն այդ նպատակի համար թանկ վճարեց. կորցրեց ոչ միայն չորսհազարամյա հայրենի հողերը, այլ նաև բնակչության մեծ մասը: Այսօր էլ, մոտավորապես մեկ դար հետո, երբ անսպասելի մի պահի ձեռք բերեց անկախ պետականություն, այս անգամ էլ բնակչության մեծ մասն այդ պետությունից դուրս է գտնվում: Բացի այդ, անկախությունից հետո Հայաստանում սկսվեց արտագաղթ, և մինչև հիմա էլ շարունակում է նվազել բնակչության թիվը: Սա նշանակում է, որ աշխարհում ինքնության բնութագիրը և «ո՞վ է,  որտեղացի՞ է» հարցը դեռևս մնում է անպատասխան:

«Այսօր արդեն սահմանները հայտնի են Հարավային Կովկասում: Կա անկախ հայկական պետություն, որն էլ երկրագնդում ապրող բոլոր հայերի մայր հայրենիքն է: Իսկ դրա սահմաններից դուրս բնակվող հայերը կազմում են սփյուռքը»: Սակայն նույն այս բնորոշմամբ չի կարելի դիտարկել թուրքաբնակ հայերին, քանի որ այդ դեպքում իրականությունը ճիշտ արտացոլած չենք լինի: Թուրքիայում  բնակվող հայերի գոյությունը ներկայումս է շարունակվում է հենց այն հողերում, որտեղ չորս հազար տարի շարունակ ապրել են: Այս տեսանկյունից սխալ կլինի նրանց ընդունել որպես սփյուռքահայեր:

Հայության ներսում տիրող իրադրության գլխավոր դերակատարներից մեկը Թուրքիան է, որի դերը  միայն պատմությամբ չի սահմանափակվում: Այսօր հայության՝ Թուրքիայի հանդեպ անվստահությունը չի պայմանավորվում սոսկ պատմությամբ: Պարզ է, որ Ղարաբաղի հարցի պատճառով կիրառվող տնտեսական էմբարգոն թույլ չի տալիս Հյասատանին հանգիստ շունչ քաշել: Տնտեսական ճգնաժամ ապրող հայաստանցիների արտագաղթն ավելի ուժեղացրեց սփյուռքի հակակրանքը Թուրքիայի հանդեպ: Սա եկավ անուղղակիորեն ապացուցելու, որ ժամանակին Անատոլիայից հայերի բռնագաղթը այս անգամ էլ շարունակվում է Կովկասում: Ահա թե ինչու  Հայաստանի՝ աշխարհին ուղղված կոչը՝ «ճնշում գործադրեք Թուրքիայի վրա էմբարգոն վերացնելու համար» անտեղի չէ: Նաև այս պատճառով է, որ տարբեր երկրներում վերջին ժամանակներս ավելանում են ցեղասպանության մասին օրինագծերը:

Հայկական սփյուռքի ձևավորումը սկսվել է դեռևս երկու դար առաջ: Ավելի հաճախ առևտրի նպատակով նախ դեպի եվրոպական երկրներ, ապա նաև Ամերիկա մայրցամաք իրականացվող գաղթերը տնտեսական բնույթի էին:  Արդյունքում ամեն տարածաշրջանում  կարող էին ձևավորվել սահմանափակ թվով գաղութներ:

Սակայն դրանց թիվն աճեց Անատոլիայի քրիստոնյա ժողովուրդներից հայերի նկատմամբ միսիոներների իրականացրած կրոնական հետապնդումների հետևանքով: Մասնավորապես, բողոքական և կաթոլիկ դավանանքին  բերելու գործընթացն իրականացվում էր «այլ աշխարհներում ինքնուրույնության և բարեկեցիկ ապագայի խոստումով», որն էլ դարձավ հայերին  դեպի «պանդխտություն» կողմնորոշելու առաջին ազդակը: 20-րդ դարասկզբին արդեն կային Ֆրանսիայում կաթոլիկ հայերի, Ամերիկայում՝ բողոքական հայերի գաղթօջախներ:

Արդյունքում  հայերի՝ առևտրական և կրոնական դրդապատճառներով երկու հարյուր տարի առաջ սկսված սփյուռքահայացումը փուլ առ փուլ շարունակվեց՝ 1915-ի բռնագաղթ, ավելի ուշ՝ Մերձավոր Արևելքից դեպի Արևմուտք արտագաղթ, հանրապետության շրջանում Թուրքիայից շարունակվող գաղթեր և, վերջապես արտագաղթ Հայաստանի անկախացումից հետո, երբ հայերի մի մասը գաղթում էր հոժարակամ, մյուս մասն էլ՝ հարկադրված:

Սակայն ամենազանգվածային ու կործանարարը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության անկման շրջանում: 19-րդ դարի սկզբներին գաղթերի ծավալը մեծանում էր Անատոլիայում հայերի դեմ գործադրվող բռնությունների և ապստամբությունների հետևանքով: Սփյուռքագոյացման գործընթացի վրա էական ազդեցություն ունեցավ «1915 թվականի հայերի ցեղաքսորը», որն էլ, ըստ ցեղասպանագետների մեծ մասի, «դարի առաջին ցեղասպանությունն» է: Թուրքական պաշտոնական տեսակետի համաձայն՝ դա «տեղահանություն է»: Այդ ընթացքում հայ բնակչության մեծ մասը բնաջնջվեց, ողջ մնացածները հասան Դեր-Զոր, Հալեպ, որտեղից էլ նավերով  Միջերկրական ծովով գաղթեցին դեպի Եվրոպա և Ամերիկա, սփռվեցին աշխարհով մեկ: Ահա թե ինչու այսօր աշխարհի բոլոր մայցամաքներում ձևավորվել են հայկական գաղթօջախներ:

Աշխարհասփյուռ հայության մայր հայրենիքը Անատոլիան է: Մեր օրերում Մերձավոր Արևելքի  երկրներից կամ Հայաստանից դեպի Արևմուտք ծավալվող գաղթերի հիմքում, ըստ էության, դարձյալ ընկած է Անատոլիայից արմատախիլ արված ժողովրդի պատմությունը: Սփյուռքում տեղի ունեցող գաղթերը ավելի շատ «միջանկյալ ու տարանցիկ բնույթի տեղաշարժեր են», քանի որ հիմնական արտագաղթը և սփյուքի ձևավորումը սկսվեց Անատոլիայից: Սփյուռքահայերը, աշխարհի որ կողմում էլ լինեն, միևնույն է, հանդիսանում են անատոլիական մշակույթի կրողներ: Չնայած սերնդափոխությանը՝ կարելի է հանդիպել թուրքերեն և տեղական բարբառներով խոսողների: Նույնիսկ մահմեդականություն ընդունած ընտանիքներում հնարավոր է նկատել անատոլիական հետքեր: Այդ իսկ պատճառով՝ բնավ չափազանցություն չէ ասել, որ Անատոլիան, ի դեմս հայկական սփյուռքի, տարածված է աշխարհով մեկ:

Ներկայումս հայկական ինքնության ձևավորման մեջ «թուրք» երևույթը կարևոր դեր է խաղում. հենց միայն թուրքին ընկալելու հարցում նկատվում են լուրջ տարբերություններ սփյուռքահայերի, հայաստանցիների և թուրքահայերի միջև: Այս երեք հատվածների հոգեխեղման հասցրած վնասն ու թողած ազդեցությունը տարբեր են՝ ծանր, միջին ու թեթև:

Թուրքահայերը ներկայումս ապրում են թուրքերի հետ միասին, Հայաստանի հայերը՝ թուրքերի հարևանությամբ, իսկ սփյուռքահայերի մեծ մասը՝ թուրքերից բավականաչափ հեռու: Ահա թուրքի հետ շփման տարածքային  հեռավարությունն էլ հանդիսանում է ինքնության խեղման հիմնական տարբերակիչ պատճառը:

Շարունակելի…