Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և վերադարձնել բռնագրավված եկեղեցական կալվածքները
«Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ:
Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:
Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.
1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց
3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները», – ասված է Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի՝ ապրիլի 24-ին տարածած հայտարարության մեջ: