iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անհանգստությունն ու վրդովմունքն է առաջացրել:
«Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է», – դեպքին առնչվող իր հայտարարության մեջ նշել է օմբուդսմենը:
Նա ընդգծել է, որ իր գրասենյակն իրավունք չունի միջամտելու քննությանը, սակայն հետևելու է դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և միջադեպին ու դրա իրավական հետևանքներին տալու է իր գնահատականը: