Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո Շիրակի ոստիկանության կողմից հայտնաբերվել և առգրավել է հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, «Ռևալվեր» տեսակի ատրճանակներ և այլն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքը տեղեկացնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել են Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից:
«Հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ», – հայտնում է կայքը:
Sհamshyan.com-ը նաև հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, ինչից հետո ոստիկանապետը հանդիպել է լրագրողներին և հայտնել, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը որոշ անձինք ներկայացրել են ինքնակամ՝ ոստիկանության հորդորից հետո:
ՀՀ ոստիկանապետը կրկին դիմել է ազգաբնակչությանը և կոչ արել իրենց մոտ պահվող ապօրինի զենք և զինամթերքը ինքնակամ ներկայացնել իրավապահներին, և այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։