«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Մերի Խաչատրյանը Facebook-ի միջոցով սպառնալիք է ստացել իրեն անհայտ անձից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Սույն թվականի մայիսի 2-ի առավոտյան (ժամը 10-11-ի սահմաններում) այցելում եմ սոցիալական ցանց և հերթական անգամ ստուգում իմ հաղորդագրությունները:
Ինձ ուղղարկված հաղորդագրությունների (Messages) ուրիշ (Other) բաժնում հայտնաբերում եմ ինձ լրիվ անծանոթ, ոմն Պարգև Կարապետյան (Pargev Karapetyan) անունով օգտատիրոջ սպառնացող և վիրավորող արտահայտություններով մի հաղորդագրություն (կից ներկայացվում են լուսանկարի ու հաղորդագրության պատճենները)», – գրել է Մերի Խաչատրյանը:
Ըստ փաստաբանի՝ այդ հաղորդագրությունը մենախոսություն է, բովանդակությունից ակնհայտ երևում է, որ սպառնալիքն ուղղված է անմիջապես իրեն որպես admin-ի, ս.թ. ապրիլին «Մենք դատապարտում ենք Երևան քաղաքի վարչության նոր պետի (Երևանի ոստիկանապետ) Աշոտ Կարապետյանի նշանակումը» ֆեյսբուքյան խումբ բացելու համար:
«Ես այդ հաղորդագրությանը չեմ պատասխանել, պատճենահանել եմ և անմիջապես տեղադրել վերը նշված խմբում և իմ անձնական էջում՝ ի գիտություն իմ ընկերներին ու հանրությանը, որ սպառնալիք եմ ստացել ոմն մի կեղծ (ընդունված է ասել՝ ֆեյք) օգտատիրոջից, ով իր էջը բացել էր ընդամենը ս. թ.ապրիլի 11-ին: Ի դեպ, ես նրան արդեն ուղարկել եմ Report, որպեսզի նրանից այլևս հաղորդագրություններ չստանամ, սակայն նշյալ խմբի մյուս ադմին՝ Լիլիթ Գևորգյանը, հիշել է նրա profile-ը:
Չեմ ցանկանում երկարաշունչ նախադասություններով ու արտահայտություններով ծանրաբեռնել իմ սույն հայտարարությունը, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում այս մասին իմ անհանգստությունը հայտնել Ձեզ՝ իբրև ՀՀ ոստիկանապետի:
Չնայած ես հասկանում եմ, որ որ այս հաղորդագրություն գրողը կեղծ (ֆեյք) օգտատեր է, բայց չեմ էլ բացառում, որ նա Երևան քաղաքի նոր ոստիկանապետին շատ լավ ճանաչող ու մտերիմ մեկը կարող է լինել, ում սիրտը շատ է ցավացել ու չի դիմացել, փորձել է ընկերոջն այս տարբերակով պաշտպանել, որը, եթե չկանխվի իրավապահների կողմից, ապա չի բացառվում, որ այն շարունակություն կունենա և ծանր հետևանքներ թողնի:
Այսպիսով, այս սպառնալից հաղորդագրությունն ուղղված է ինչպես իմ՝ հասարակական գործունեությանը, այնպես էլ կարծիք ունենալու և արտահայտվելու իրավունքի իրացմանը, որը երաշխավորված է ոչ միայն ՀՀ սահմանադրությամբ, այլ նաև Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով, ուստի դիմումեմ Ձեզ և խնդրում, որպեսզի ՀՀ ոստիկանությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի հայտնաբերելու, թե ով է այս անձնավորությունը, ում թելադրանքով է նման բովանդակության հաղորդագրություն ուղարկել ինձ և ինչու է այդ խմբի ստեղծումը նրա վրա այդ աստիճան ազդել:
Ի դեպ, եթե իմ և իմ հարազատ մարդկանց հետ որևէ բան պատահի, ապա դրանում նաև իր մեղքի բաժինը կունենա ՀՀ ոստիկանությունը, եթե որևէ կան խարգելիչ միջոցներ չձեռնարկի այդ կեղծ (ֆեյք) օգտատիրոջը հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ակնկալում եմ ստանալ գրավոր արձագանք», – գրել է Մերի Խաչատրյանը:
Լուսանկարները՝ Մերի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից