«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը գրանցված խախտումների և ստաված ահազանգերի մասին տեղեկացրել է ԶԼՄ-ներին: Ավելի վաղ արձանագրված միջադեպերին և խախտումներից բացի, Կոնգրեսը, մասնավորապես, նշում է, որ 9/05 ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել բաժանողին:
«9/2 ընտրատեղամասում լուսանկարվել է քվեաթերթիկ: Խախտումն արձանագրվել է մատյանում:
9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տևական բաց քվեարկություն:
9/33 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը` ոմն Միլենա, ստուգում է ցուցակները և բացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմիցս զգուշացումներից հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասի հարակա տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների բերման ենթարկելը ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:
11/7, 11/8 ընտրատեղամասերի (68 դպրոց) դիմաց կուտակումներ և «թաղի տղաների» կողմից ընտրողների ուղղորդումներ են արձանագրվել:
11/14 ընտրատեղամասի («Հայտրանսշին» գործարան, Արցախի 30) կողքի բակում արձանագրվել են մարդկանց կուտակումներ, հավաքագրում և բերման ենթարկումներ: ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պարբերաբար դուրս է գալիս տեղամասից և մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության: Առկա է տեսանյութ:
12/09 ընտրատեղամասի (27 դպրոց) մուտքի մոտ գումար է բաժանվում:
13/25 ընտրատեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ) հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկ քվեաթուփ են նետվել առանց կնքվելու:
13/12 ընտրատեղամասի դիմաց (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.) ոստիկանների կուտակումներ են: Ոստիկանները ելումուտ են անում ընտրատեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել:
13/20 ընտրատեղամասի մոտ 50 տարեկան մի անձնավորություն ցուցակով մարդկանց է բերման ենթարկում և կատարում նշումներ:
13/24 ընտրատեղամասում լրագրողին դուրս են հանում տարածքից և խոչնդոտում նրա աշխատանքը, ինչին ակտիվ մասնակցում է նաև ոստիկանությունը:
13/30 ընտրատեղամասում (107 դպրոց) հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը», – ահազանգում է ՀԱԿ-ը: