Երեկ Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, անհայտ անձը կրակ է բացել Կետիկփաշա թաղամասի հայկական եկեղեցու մոտ: Այս մասին հայտնում է Today’s Zaman պարբերականը՝ նշելով, որ կրակոցների հետևանքով տուժողներ չեն եղել:
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները միջադեպը հատկապես մտահոգիչ են համարում՝ հաշվի առնելով, որ դեպքից մեկ օր առաջ Իգդիրում ծայրահեղ աջ «Հայերի անհիմն մեղադրանքների դեմ պայքարի միջազգային ասոցիացիա» կազմակերպությունը հրապարակավ վառել է հայ-թուրքական «Ակօս» թերթի մեկ օրինակ:
Ստամբուլյան միջադեպի ականատես հայազգի Կարո Պալյանը պատմել է, որ եկեղեցու դարպասի մոտ կանգնած անծանոթը 7 անգամ օդ է կրակել ու հեռացել դեպքի վայրից: Մարդիկ խուճապահար դուրս են վազել եկեղեցուց: Պալյանը կարծիք է հայտնել, որ հայկական փոքր եկեղեցին ընտրվել է այն պատճառով, որ տվյալ վայրում քիչ են արտաքին վերասկողության տեսախցիկները: Նշենք, որ Կետիկփաշայի եկեղեցուց ոչ հեռու գտնվում է Հայկական պատրիարքարանը:
Կարո Պալյանը նշել է նաև, որ Իգդիրի և Ստամբուլի միջադեպերը միմյանց հետ կապ ունեն: Նրա խոսքով՝ երկիրը պետք է ոտքի կանգնի ռասիզմի դրսևորումները կանխելու համար: