Փակ շուկայում վերսկսված շինարարական աշխատանքները չեն համապատասխանում Մշակույթի նախարարության կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին, որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Նախարարության պաշտոնական կայքը:
«ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 6-ին Մշակույթի նախարարությունը պահանջել էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով:
Սակայն այդ պահանջը չի կատարվել և շինարարությունը շարունակվել է, ինչի մասին ահազանգել են քաղաքացիական ակտիվիստները և համայնքի բնակիչները:
Լուսանկարը՝ Facebook սոցցանցի Մամիկոն Սիմոնյան օգտատիրոջ էջից