«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում մեկնաբանել երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու ճոխ արարողությունն ու մասնակիցների` ՀՀ նախագահների ներկայությունը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբեք չի կարող ընդդիմություն լինել՝ Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Իրենք ընդդիմություն չեն լինելու, բոլորի համար պարզ է, որքան էլ որոշ չակերտավոր վերլուծաբաններ դա ցանկանում էին: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի ասածներին, թե ընդդիմադիր դաշտում երեք-չորս ուժեր կան, ընդդիմադիր դաշտում շատերը կարող են լինել, դա իշխանությունն է, որ մեկն է լինում կամ առավելագույնը կոալիցիայով մեկ-երկու ուժ, մնացած բոլորը ընդդիմադիր են լինում: Քաղաքական դաշտում այլ կարգավիճակ չկա՝ կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն»:
Արմեն Մարտիրոսյանի համար էական չէ՝ ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի՞, թե՞ ոչ. «Որովհետեւ Հայաստանի պարագայում ոչ այդքան պաշտոն ունենալն է կարևոր, որքան բիզնես ունենալը: Եթե բիզնեսին ոչինչ չի վտանգում, ի՞նչ էական է՝ կոալիցիայի մե՞ջ ես, թե՞ ոչ»:
Հարցին՝ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեց Ծառուկյանի հրավիրած արարողությանը, Մարտիրոսյանն ասել է, որ, իր տեղեկություններով, Հովհաննիսյանն այդ օրը Երևանում չէր: