Տնտեսության ցանկացած ոլորտում, այդ թվում՝ շաքարավազի ներկրման համար, լավ կլինի, որպեսզի շուկան լինի մրցակցային: Այս մասին «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն կատարած այցի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա նշել է, որ «Կոկա-կոլան» Հայաստանի առաջին 10 հարկատուներից է և պետք է մրցակցային պայմաններում գործի, այդ թվում նաև շաքարի ներկրման հարցում:
«Հիշեք՝ ինչ եղավ, երբ մեկ բջջային օպերատորի փոխարեն Հայաստանում սկսեցին գործել երեքը, և գները էժանացան, և սպասարկման որակը բարձրացավ: Այս սկզբունքը կիրառելի կլինի թե շաքարի հետ կապված, թե օդային փոխադրումների հետ կապված, ամեն ոլորտում»,- ասել է Հեֆերնը:
Դեսպանի խոսքով՝ ինքը «Կոկա-կոլայի» տնօրենի հետ զրույցում իմացել է, որ Հայաստանում մաքսային ոլորտում որոշակի բարեփոխումներ եղել են, ինչը ողջունելի է: Հեֆերնը հավելել է, սակայն, որ մաքսային ոլորտում անհրաժեշտ է ապահովել կանխատեսելիությունը, մասնավորապես, ներկրողը պետք է վճարի այն գնով, որը նշված է ապրանքի վրա:
«Կոկա-կոլա»-ի տնօրեն Գագիկ Դանիելյանը դեսպանի դիտարկումից հետո լրագրողի կողմից տրված հարցին, թե արդյոք շաքարի ներկրման հարցում խոչընդոտների չեն հանդիպում, ասել է, որ նման խնդիրների իրենք չեն բախվել: Մաքսային բարեփոխումը, ըստ նրա, այն է, որ որոշ օրենքներ սկսել են գործել, և կատարվել են մի քանի բարփոխումներ: