Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կա երկու ՀՀՇ. մի հատվածն ամփոփված է ՀԱԿ-ի մեջ, իսկ մյուս հատվածը սկզբունքայնորեն ՀՀՇ-ի անունը պահել է անգամ այն ժամանակ, երբ դա մոդա չէր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը նշել է, որ խոսքը, մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանի և Արարատ Զուրաբյանի մասին է, ովքեր այդ ժամանակ եղել են կուսակցության ղեկավար:
«Դա այն սկզբունքային հատվածն է, որն այս 2-3 տարիների ընթացքում դուրս է մղվել կուսակցությունից: ՀՀՇ-ն վերականգնելու իրենց ջանքերը ողջունելի քայլ է»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ իրենք մշտապես մասնակցել են ընդդիմադիր դաշտում տարբեր ուժերի նախաձեռնած գործընթացներին և այժմ էլ չեն բացառում նոր ՀՀՇ-ի հետ համագործակությունը:
«Եթե ընդդիմությունը հասկանա, որ պետք է դուրս գալ նեղ անձնական շահերից և մեկը մյուսի դեմ պայքարելու գործընթացից, իշխանությունն այնքան թույլ է, որ անմիջապես բոլորովին նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի», – ասել է Մարտիրոսյանը: