Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում մասնակցել է մայիսի 15-ին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը, որից անմիջապես հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը զրուցել է նախարարի հետ:
– Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան–Սևան մայրուղու ասֆալտի վրա է:
– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:
– Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:
– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:
– Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:
– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:
– Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:
– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:
– Դա ինչ երևույթ էր, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն…
– Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:
– «ՀԺ»–ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:
– Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:
– Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:
– Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:
– Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:
– Ի՞նչը:
– Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:
– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:
– Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:
– Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում…
– Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:
– Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ, իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:
– Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:
– Շատ: Շատ:
– Բարձրաստիճան՝ նախարարի տեղակալ շտաբի պետ...
– Շատ: Շատ:
– Անուն տվեք, մի հոգու անուն:
– Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:
– Քրեական պատասխանսւտվոթյան ենթարկվե՞լ է որևէ մեկը:
– Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն: