Home / Հայաստան / Կուրսանտները դուրս են գրվել, սակայն ՊՆ-ն շարունակում է հերքել նրանց թունավորման փաստը

Կուրսանտները դուրս են գրվել, սակայն ՊՆ-ն շարունակում է հերքել նրանց թունավորման փաստը

Այսօր առավոտից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հավաքված լրագրողներին երկար ժամանակ տեղեկատվություն չէին տրամադրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թունավորման վերաբերյալ՝ նշելով, որ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը, ով իրավասու է խոսել լրագրողների հետ, տեղում չէ: Երկար սպասելուց հետո հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է լրագրողներին, որ դա «երեք օրվա պատմություն է, արդեն դուրս են գրվել»:

«Դե, զինվոր են, հիվանդացել են, սովորական ինֆեկցիա, աղիքային վարակ է», – ասել է կինը:

Նա չի հայտնել թունավորման պատճառների մասին, չի նշել նաև կուրսանտների թիվը՝ խորհուրդ տալով այդ հարցերով դիմել Ասոյանին:

Հիշեցնենք, որ 10 կուրսանտների հիվանդանոց տեղափոխելու մասին երեկ գրել էր nrnak.com կայքը՝ վարկած ներկայացնելով, որ թունավորումը կարող է գոմեշի մսից լինել: Երեկ ilur.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունը:

Այսօր Epress.am-ը կրկին մեկնաբանություն է խնդրել Արծրուն Հովհաննիսյանից, ով հիշեցրել է, որ արդեն հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունը:

Մամուլի խոսնակը նշել է, որ հայկական բանակում շատ զինվորներ կարող են տարբեր առողջական խնդիրներ ունենալ և դիմել հիվանդանոցներ: Ըստ Հովհաննիսյանի՝ ՊՆ-ն դրանք չի մեկնաբանում, քանի դեռ այդ դեպքերը զանգվածային բնույթ չեն կրում:

Նշենք, որ Արա Ասոյանը երեկ երեկոյան «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում կուրսանտների թունավորման առնչությամբ ասել է. «Լավ էլի, որոշ ինֆորմացիա կա, որ կարելի ա փակ պահել, կներես, էլի, չի կարելի, դա բոլոր դեպքերում բանակ ա, զինվորական համակարգ ա»: Թերթը նաև տեղեկացել է, որ առաջիկա երեք օրվա ընթացքում վերջնականապես հայտնի կլինեն թունավորման պատճառը և այն, թե ով է մեղավոր դրանում: