Այսօր առավոտից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հավաքված լրագրողներին երկար ժամանակ տեղեկատվություն չէին տրամադրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թունավորման վերաբերյալ՝ նշելով, որ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը, ով իրավասու է խոսել լրագրողների հետ, տեղում չէ: Երկար սպասելուց հետո հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է լրագրողներին, որ դա «երեք օրվա պատմություն է, արդեն դուրս են գրվել»:
«Դե, զինվոր են, հիվանդացել են, սովորական ինֆեկցիա, աղիքային վարակ է», – ասել է կինը:
Նա չի հայտնել թունավորման պատճառների մասին, չի նշել նաև կուրսանտների թիվը՝ խորհուրդ տալով այդ հարցերով դիմել Ասոյանին:
Հիշեցնենք, որ 10 կուրսանտների հիվանդանոց տեղափոխելու մասին երեկ գրել էր nrnak.com կայքը՝ վարկած ներկայացնելով, որ թունավորումը կարող է գոմեշի մսից լինել: Երեկ ilur.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունը:
Այսօր Epress.am-ը կրկին մեկնաբանություն է խնդրել Արծրուն Հովհաննիսյանից, ով հիշեցրել է, որ արդեն հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունը:
Մամուլի խոսնակը նշել է, որ հայկական բանակում շատ զինվորներ կարող են տարբեր առողջական խնդիրներ ունենալ և դիմել հիվանդանոցներ: Ըստ Հովհաննիսյանի՝ ՊՆ-ն դրանք չի մեկնաբանում, քանի դեռ այդ դեպքերը զանգվածային բնույթ չեն կրում:
Նշենք, որ Արա Ասոյանը երեկ երեկոյան «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում կուրսանտների թունավորման առնչությամբ ասել է. «Լավ էլի, որոշ ինֆորմացիա կա, որ կարելի ա փակ պահել, կներես, էլի, չի կարելի, դա բոլոր դեպքերում բանակ ա, զինվորական համակարգ ա»: Թերթը նաև տեղեկացել է, որ առաջիկա երեք օրվա ընթացքում վերջնականապես հայտնի կլինեն թունավորման պատճառը և այն, թե ով է մեղավոր դրանում: