Թուրքիայում Գեզի այգին քանդելու դեմ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր վեց թուրք ոստիկաններ ինքնասպանություն են գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Էմնիյեթ-Սեն» ոստիկանական արհմիության ղեկավար Ֆարուք Սեզերը:
Ոստիկանական ուժերը սուր քննադատության թիրախ են դարձել ցույցերի ժամանակ բախումների և անհամաչափ ուժի կիրառման պատճառով, բայց Սեզերը պնդում է, որ ոստիկանները ևս տուժել են՝ ստիպված լինելով աշխատել ծանր պայմաններում:
Նա հավելել է, որ այլ քաղաքներից զորակոչված ոստիկանները ստիպված են եղել քնել նստարանների, վահանների կամ ստվարաթղթի վրա, քանի որ իշխանությունները նրանց բնակության պայմաններ չէին տրամադրել:
«Այն բռնությունը, որ դուք տեսնում եք վերջում, ոստիկանների հանդեպ կիրառված բռնության արտացոլումն է: Նրանք բռնության են ենթարկվում ոչ միայն ցուցարարների կողմից, այլև 120 ժամ անընդհատ աշխատանքից, չոր ուտեստներից: Ոստիկանները բռնության են ենթարկվում հաստատությունում»,- ասել է Սեզերը:
Ըստ նրա՝ ոստիկանների հանդեպ անհարգալից վերաբերմունքին բնականաբար վերջ կդրվեր, երբ քաղաքացիները տեսնեին ոստիկաններին գետնին կամ իրենց վահանների վրա քնելիս:
«Մենք շատ ենք ցավում, երբ տեսնում ենք ոստիկաններին նման դժվար պայմաններում: Որպես արհմիություն, առաջին բանը, որ կանենք Գեզի այգու ցույցերի ավարտվելուն պես, կլինի այս նկարների և այլ ապացույցների հավաքագրումն ու քրեական բողոքի ներկայացումը դատախազություն: Ոստիկաններին նման պայմանների ենթարկելը հավասարազոր է երկրի հանդեպ դավաճանության»,- ասել է Սեզերը: