Այսօր վաղ առավոտյան նոր ուժով են սկսել բախումները Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:
Առավոտյան 07:30-ին հրապարակ մտնելուց հետո ոստիկաններն այն մասնակի հսկողության տակ են առել և ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառելուց հետո շրջափակել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:
Հունիսի 1-ից ի վեր սա ոստիկանության առաջին ներխուժումն էր հրապարակ: Նախկինում բախումները ցուցարարների հետ տեղի էին ունեցել Բեշիքթաշ թաղամասում:
Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հայտարարել է, որ գործողությունը նպատակ ուներ միայն դրոշներից և պաստառներից մաքրել Աթաթուրքի արձանը և Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնը: Վիճահարույց Գեզի այգու ուղղությամբ ոչ մի գործողություն ծրագրված չի եղել: Ցուցարարների մեծ մասը նահանջել է Գեզի այգի:
Թուրքական հեռուստաալիքներով ցուցադրել են, թե ինչպես են ցուցարարները ոստիկանների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետում:
Գեզի այգու պահպանման համար պայքարողներն իրենց հերթին սոցցանցերի միջոցով հայտարարել են, Մոլոտովի կոկտեյլներ նետողների հետ իրենք ոչ մի առնչություն չունեն և երկու շաբաթ տևած ցույցերի ընթացքում նրանց տեսնում էին առաջին ագնամ:
Ոստիկանության և ցուցարարների փոքր խնբերի բախումները շարունակվում են Թաքսիմ հրապարակի շրջակայում գտնվող փողոցներում: Գեզի այգին համեմատաբար հանգիստ է:
Որոշ ցուցարարներ բանակցություններ են սկսել ոստիկանների հետ՝ փորձելով նրանց համոզել այլևս արցունքաբեր գազ չօգտագործել:
Ոստիկանությունը հեռացրել է Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնի և Աթաթուրքի արձանի վրա փաքցված պաստառներն ու դրոշները՝ թողնելով միայն Թուրքիայի դրոշը և Աթաթուրքի պատկերով պաստառը:
Ոստիկանությունը նաև հեռացրել է ցուցարարների կողմից կառուցված բարիկադները, որոնք դրված են եղել Թաքսիմի մուտքի մոտ:
Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն Twitter-ում գրել է, որ «իրենք երբեք չէին դիպչի Գեզի այգուն և այնտեղ գտվող ցուցարարներին»:
«Խնդրում եմ հանգիստ սպասել՝ առանց հրահրելու», – գրել է նահանգապետը:
Ըստ Hürriyet Daily News-ի աղբյուրների, այսօրվա բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն երկու մարդ:
Վիրավորներից մեկը ենթադրաբար կորցրել էր գիտակցությունը, իսկ ցուցարարներից մեկը Daily News-ին ասել է, որ ոստիկանը արցունքաբեր գազը ուղղել էր հենց իր դեմքին, և երբ ինքը շրջվել էր, գազի տարայով հարվածել էր ոտքին: