Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, երեկ Facebook-ում գրառում թողնելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին, միտում չի ունեցել որևէ լրագրողի վիրավորել, անպատվել: Այս մասին նա ասել է Aravot.am-ի հետ զրույցում:
«Ինձ դուր չէր գալիս երևույթը, իմ պատին գրեցի, որ ինձ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է: Այն, որ մարդիկ կարող են իրար վիրավորելով խոսել, առավել ևս լրագրողը իրեն պետք է թույլ չտա պատգամավորի հետ խոսել նման տոնով, որքան էլ կարող է պատճառաբանել, թե երկուստեք է եղել վիրավորանքը»,- ասել է Մովսիսյանը, ում նկատմամբ գրառման պատճառով ծառայողական քննություն է նշանակվել:
Մովսիսյանի խոսքով՝ օգտատերերից Հարություն Մկրտչյանն է սխալ մեկնաբանել իր գրառումը. «Ես չեմ գրել, որ լրատվությունը պոռնկություն է: Ես երիտասարդ էի, ասում էին քաղաքականությունն է պոռնկություն, դրան միշտ դեմ էի` ինչու է այդպես որակվում: Իսկ երբ այսօր տեսնում եմ, որ ԱԺ միջանցքներում իրար հետ ոնց են խոսում, պատգամավորին լարում են, հրահրում, որ չգիտեմ ինչ սարքեն, դա ինձ դուր չի գալիս, նայում եմ՝ այսօր վիճակն ավելի վատ է: Բայց դա չի նշանակում, որ ասում եմ այս ինչ լրագրողը պոռնիկ է և լրատվությունն էլ պոռնկություն է: Հարութից հարցրեք՝ որտե՞ղ է կարդացել, որ գրել եմ, թե լրատվությունը պոռնկություն է: Թյուրընկալում է: Եթե ստատուսի դիմաց գնում է` թե ժամանակին քաղաքականությունը պոռնկություն էին անվանում ու վերջում ասում եմ` հիմա ավելի վատ վիճակ է, դա նշանակում է` ասում եմ լրատվությունը պոռնկությո՞ւն է»:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Մովսիսյանը դեռ չէր հասցրել տեղեկանալ, որ իր նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, բայց ասել է, որ դրա մեջ վատ բան չի տեսնում. «Քննությունը կպարզի մանրամասները, ես վատ բան չեմ տեսնում: Եթե մի քաղաքացի գրում է` քանի որ պարոն Մովսիսյանն ասում է՝ դա պոռնկություն է, ես էլ ասում եմ ոստիկանությունը բ..-ություն է, պարզ է `շատ ճիշտ կլինի ծառայողական քննություն լինի` պարզենք այդքան ցա՞ծր ենք մենք իջել: Ծառայողական քննությունը բացասական ելք չի ենթադրում կամ բացասական երևույթ, կամ լռեցնել որևէ մեկին կամ ոտնահարել իրավունքները»:
Մովսիսյանն ասել է, որ անձամբ է վերացրել գրառումը, որ ավելորդ լարվածություն չստեղծվի, որ մարդիկ չմտածեն` ինքը որևէ մեկի վիրավորելու նպատակ է ունեցել. «Այն, որ ԱԺ միջանցքներում նման բաներ է կատարվում, դա արժեհամակարգի կորուստ է, դաստիարակչական չէ: Անկախ նրանից, թե ինչքան լավն են Գոհար Վեզիրյանն ու Վարդան Այվազյանը, այստեղ անձերի խնդիրը չէ, նրանք պետք է զսպված լինեն, որ մենք հեռուստացույցով չտեսնենք նման բաներ»:
Հարցին՝ հնարավո՞ր է ձեզ աշխատանքից ազատեն facebook-ի այդ գրառման համար` հաշվի առնելով գրառման համար աշխատանքից ազատվելու լրագրողների նախադեպերը, Կարեն Մովսիսյանը պատասխանել է. «Չեմ կարծում, ինձ հեռացնեն: Պետական օղակ է, նման բան չկա, որ հեռացնեն. գուցե կարգապահական պատժի՞ ենթարկեն, եթե գտնեն, որ սխալ եմ արել, որ իմ կարծիքը իմ պատին գրել եմ, բայց ես այդ գրառումը չեմ տարածել կամ լրատվամիջոցներին չեմ խնդրել, որ տեղադրեն իրենց մոտ: Իմ գրառմամբ չեմ քննադատում որևէ համակարգի, ստեղծված իրավիճակն եմ բացասական համարում, որ դա ապադաստիարակում է, արժեհամակարգի կորստի է բերում: Դա չի նշանակում, որ այս կամ այն թևը լավն է կամ վատը, չի նշանակում, որ ոստիկանները վատն են, լրագրողները` ոչ…եթե հանկարծ ինձ հեռացնեն աշխատանքից, դա կլինի նոր էքսկլյուզիվ սենսացիա, ինչ ասեմ»:
Լուսանկարը՝ Կարեն Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից