Հայաստանի՝ Եվրասիական միությանը չանդամակցելու հարցն ամենևին պայմանավորված չէ եվոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները։ Այս մասին իր այսօրվա առաջնորդողում գրում է «168 ժամ» պարբերականը՝ նշելով, որ այդ մասին պնդում են «լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները»:
«Ըստ նույն աղբյուրների, Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Դարաբաղի։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պնդում է, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա Հայաստանի և Լեռնային Դարաբաղի միջև պետք է հաստատվի մաքսային հսկողություն, նույն ռեժիմով՝ ինչպես Իրանի կամ Վրաստանի միջև։
Բնականաբար, Հայաստանը չի կարող համաձայնվել նման անհեթեթ պահանջի, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ կորցնել Լեռնային Ղարաբաղը։ Մյուս կողմից, Հայաստանին Մաքսային Միության կազմում տեսնել ցանկացող Ռուսաստանը չի ուզում հանուն Հայաստանի կորցնել այդ կառույցի առանցքային անդամ հանդիսացող Ղազախստանին», – գրում է թերթը:
«168 ժամ»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը, բնականաբար, պնդում է Մաքսային միությանը ԼՂ-ի հետ անդամագրվելու տարբերակը, սակայն Ռուսաստանում դեռևս չեն գտնում այդ խնդրի լուծման ճանապարհը։
«Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ընդհանուր առմամբ դեմ չլինելով Եվրասիական միությանն անդամակցությանը և չցանկանալով հակադրվել ռուսական իշխանության հետ, ՀՀ իշխանությունը, այնուամենայնիվ, հակված է Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը։ Ի տարբերություն Մաքսային միությանը, Եվրամիությունը Հայաստանի առջև Լեռնային Դարաբաղի հետ սահմաններ հաստատելու պահանջներ չի ներկայացնում», – նշում է թերթը։
Նշենք, որ 2010 թվականից Մաքսային միության կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Ուկրաինան 2013 թվականից Միության մեջ դիտորդի կարգավիճակ ունի: