Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցող ընդդիմության միասնական թեկնածու, ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը կարծում է, որ հայ ժողովուրդը Ադրբեջանի թշնամին չէ: «Կովկասյան քաղաքականություն» (Кавказская политика) պարբերականի հետ զրույցում Իբրագիմբեկովը պատմել է իշխանությունների կողմից հալածվելու պատճառների մասին և ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսակետը:
Երբ 2003 թվականին իշխանության եկավ Իլհամ Ալիևը, Ադրբեջանում նրա հետ որոշակի հույսեր էին կապում, քանի որ նա երիտասարդ և ժամանակակից մարդ էր թվում, և բոլորն աչք էին փակում այն փաստի վրա՝ ինչ ճանապարհով էր նա իշխանության եկել, հայտարարել է Իբրագիմբեկովը:
Ռեժիսորի խոսքով՝ այն ժամանակ ինքը մի քանի հոդվածներ է գրել, որոնցում քննադատել է ժամանակակից ադրբեջանական իրականության երեք կողմեր:
«Առաջին հերթին, Բաքուն այն չէ, ինչ եղել էր: Ոչնչացվել է նրա՝ հարյուրամյակներով կերտված պատմական խճանկարը: Ես գյուղերից եկածներին դեմ չեմ, բայց երբ երկու միլիոն մարդ այնտեղից տեղափոխվում է մայրաքաղաք, ոչ միայն շուկա է դառնում, այլ ժողովրդագրական աղետ, քանի որ այս մարդիկ ծանոթ չեն Բաքվի ավանդույթներին: Եվ այդ ժամանակ ինձ մեղադրեցին նրանում, որ ես ցավում եմ հայերի՝ Բաքվից հեռանալու համար և դեմ եմ այնտեղ ադրբեջանցիների տեղափոխվելուն:
Երկրորդ՝ խախտվել են էլիտա կառուցելու մեխանիզմները: Այստեղ տիրում են հայրենակցական և կլանային նկատառումները: Ցածր ինտելեկտուալ մակարդակով մարդիկ ավելի վեր են դասվում:
Երրորդ՝ ես պնդում էի, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէր: Մեր թշնամին Հայաստանի ղեկավարությունն էր, որը Ադրբեջանի դեմ ագրեսիա էր տարածել և օկուպացրել մեր երկրի հողերը: Այնպես որ, այդ խնդիրը պետք է լուծվեր խաղաղ ճանապարհով:
Այս երեկ թեզիսներն իմ վրա հարձակումների պատճառը դարձան: Միևնույն ժամանակ, շատ մարդիկ ինձ պաշտպանում էին: Այդ ֆոնի վրա ես ստեղծեցի Մտավորականների ֆորումը, որը արտահայտում էր հանրության կարծիքը: Բայց իշխանությունը մեզ չընդունեց»,- նշել է ընդդիմադիր գործիչը:
Հարցին, թե ընտրություններում հաղթանակի դեպքում ինչպես է կարգավորելու ղարաբաղյան հարցը, Իբրագիմբեկովը պատասխանել է. «Եթե պետք լինի, ես կարող եմ նաև կռվի մեջ մտնել, սակայն, այնուամենայնիվ, խաղաղության կողմնակից եմ: Ներկայումս ռազմակական ճանապարհով կարգավորման մասին չի կարելի խոսել: Բանն այն է, որ ես ժամանակավոր մարդ եմ լինելու: Թող այդ հարցերը կարգավորի նորընտիր խորհրդարանը:
Ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էլ ավելի է բարդանում Ադրբեջանում ներքին խնդիրների պատճառով: Մենք չպետք է հրաժարվենք Ղարաբաղից, բայց պետք է հայերի համար ժողովրդավարություն, կոռուպցիայի բացակայություն և ադրբեջանցիների հետ իրավունքների իրական հավասարություն ապահովենք: Բանն այն է, որ Ղարաբաղը ոչ միայն հողատարածք է, այլ նաև այդ շրջանի հայ բնակչությունը: Եվ մենք այդ տարածքը կարող ենք վերադարձնել միայն այդ բնակչության հետ մեկտեղ: Այդ պատճառով, Ղարաբաղի հայ բնակչությունը պետք է համոզվի նրանում, ինչ ես հենց նոր նշեցի: Հայերը խելացի և հասկացող ժողովուրդ են: Կարծում եմ՝ նրանք մեզ կհասկանան»: