ԵՄ բարձրաստիճան չինովնիկը Երևանում հույս է հայտնել, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոսացման համաձայնագիրը:
Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Այս մասին այսօր Երևանում Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես ասված է ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության մեջ, Նալբանդյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր:
Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է: Նա վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Ֆյուլեն նաև հույս է հայտնել, որ այս տարի նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Լեհաստանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է «և-և» սկզբունքին, համաձայն որի հնարավոր է հավասարապես համագործակցել թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այդ առնչությամբ հայտարարել էր. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ, դուք պետք է ընտրություն կատարեք»: