Սոչիում քննիչը հրաժարվել է դատական գործ հարուցել օլիմպիական օբյեկտում աշխատող հայաստանցի շինարարներին ծեծի ենթարկած ոստիկանների դեմ: Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոն:
Հունիսի 13-ի գիշերը 38-ամյա Մարտիրոս Դեմիրճյանն ու 25-ամյա Սերգեյ Կրբաշյանը ծեծի են ենթարկվել Սոչիի Բլինովո ավանի ոստիկանական բաժանմունքում, ինչի մասին հայտարարել է շինարարներից մեկի կինը՝ Լյուդմիլա Դեմիրճյանը:
Նույն օրը Մարտիրոս Դեմիրճյանը ոստիկանական բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդանոց և հայտարարել, որ խոշտանգումների էր ենթարկվել: Սերգեյ Կրբաշյանը հայտարարել էր, որ ինքը նույնպես ծեծի էր ենթարկվել ոստիկանական բաժանմունքում: Լյուդմիլա Դեմիրճյանն ու փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոն դիմում էին ներկայացրել ոստիկանություն և հետախուզական մարմիններ:
Հուլիսի 16-ին Ալեքսանդր Բոյչենկոն «Կովկասյան հանգույցի» (Кавкасзкий узел) թղթակցին հայտնել է, որ քննիչ Արտյոմ Սեմենեցը բանավոր կերպով իրեն տեղեկացրել է, որ հրաժարվում է դատական գործ հարուցել Դեմիրճյանին և Կրբաշյանին ծեծի ենթարկած ոստիկանների դեմ:
Դեմիրճյանի ցանկությամբ՝ Փաստաբանը մտադիր է դատախազությունում և դատարանում բողոքարկել քննիչի որոշումը: «Արտյոմ Սեմենեցը իր որոշումը կայացրել է ուղիղ մեկ ամիս անց, չնայած այն բանին, որ, ըստ օրենքի, նա ունեցել է ընդամենը երեք օր: Թե նա ինչ էր անում այդ մեկ ամսվա ընթացքում, հայտնի չէ: Որոշումը գրավոր կերպով ձեռքս դեռ չեն դրել: Բայց հենց որ այն ստանամ, միանգամից կբողոքարկեմ դատախազությունում և դատարանում»,- հայտարարել է Բոյչենկոն: