Քրեական գործով տուժողները հաճախ չեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին: Այս մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարածած հայտարարության մեջ:
«Արդյունքում, հանցագործությունից տուժած մարդիկ զրկվում են իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, քանի որ երբ քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը, այդ որոշումները բողոքարկելիս տուժողները չեն կարողանում վիճարկել նման որոշումների հիմքերը:
Այսպես, օրինակ ժամկետային զինծառայության ընթացքում մահացած զինծառայող Զորիկ Մարգարյանի մայրը` Ալվինա Մարգարյանը, ցանկացել է բողոքարկել իր որդու քրեական գործով վարույթի կասեցման որոշումը, սակայն դրա պատճենը նրան չի տրամադրվել: Պաշտպանի համապատասխան հարցմանն ի պատասխան` Պաշտպանության նախարարը հայտնել է, որ քրեական գործով կասեցման որոշման պատճենը տուժողի իրավահաջորդին տրամադրելու դատավարական կարգ սահմանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ:
Համապատասխան որոշումն անձանց չտրամադրելը քննիչները հիմնավորում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման դատավարական հստակ կարգավորման բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանը պաշտոնական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր մտահոգությունները և ներկայիս պրակտիկայի վերանայմանն ուղղված գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությունը», – ասված է պաշտպանի հայտարարության մեջ: