2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Վերաքննիչ դատարանի շենքում երեկ կայացած դատական նիստից առաջ միջադեպ է գրանցվել:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզրիյանը, հսկիչ անցակետի մոտ քաղաքացիական հագուստով մի կին սկսել է շտապեցնել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանին՝ պահանջելով ավելի արագ բացել պայուսակը: Նազարյանը, ով զոհված Արտակ Նազարյանի քույրն է, կնոջը խնդրել է ներկայանալ, իսկ վերջինս հրաժարվել է ասել անունն ու պաշտոնը: Նազարյանը հանել է լուսանկարչական սարքը և փորձել է լուսանկարել կնոջը, սակայն վերջինս մի քանի անգամ քաշել է Նազարյանի ձեռքից, որից հետո կողմերի միջև վիճաբանություն է սկսվել: Կինն այդպես էլ չի արձագանքել Ծովինար Նազարյանի պահանջներին և չի ներկայացել: Հետագայում տուժող կողմի ներկայացուցիչներին հաջողվել է պարզել դատարանի աշխատակիցներից, որ կնոջ անունը Էլեն Հակոբյան է (լուսանկարում), իսկ թե ինչ պաշտոն է զբաղեցնում դատարանում, չի նշվել:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի
Նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը բացարկ է հայտնել մեղադրող Հարություն Հարությունյանին՝ նշելով, որ վերջինս նախաքննության ժամանակ կատարել է «հարյուրավոր մեծ ու փոքր անօրինականություններ»: Դատավորների եռյակը՝ Գրիշա Մելիք-Սարգսյանը, Կարինե Ղազարյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը, որոշում են կայացրել հետաձգել բացարկի քննարկումը:
Մարտիրոսյանը, ինչպես նաև ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի փաստաբանը միջնորդել են նաև, որպեսզի գործը քննվի վերաքննության և ոչ թե վճռաբեկության կարգով:
Նշենք, որ գործն այս պահին քննվում է Վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով, այսինքն՝ դատարանը նոր ապացույցներ չի ընդունելու և հիմնվելու է եղած փաստերի վրա: Արձագանքելով կողմերի միջնորդությանը՝ դատավորները նշել են, որ կլսեն վերաքննիչ բողոքները, և եթե համարեն, որ դրանցում նոր և հիմնավոր փաստեր կան, կփոխեն քննության կարգը վերաքննիչի:
Կողմերի բողոքները լսելուց հետո, դատավորները հետաձգել են նիստը: Այն շարունակվելու է այսօր՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր է ճանաչել և դատապարտել է Հակոբ Մանուկյանին՝ 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման: Տուժող կողմը պնդում է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Ռուբեն Մարտիրոսյանը բազմիցս բարձրաձայնել է գործում խախտումները: Դրանք տեղ են գտել նաև Վերաքննիչ բողոքում: