Այսօր ժամը 12:30-ից մոտ 40 րոպեի ընթացքում ոստիկանները փակել էին Բաղրամյան պողոտայից դեպի Պռոշյան փողոց տանող հատվածը և անցնող մեքենաներից պահանջում էին ուղիղ իջնել Բաղրամյան պողոտայով:
Ամայացած Պռոշյանով քայլելով դեպի ներքև՝ Epress.am-ի թղթակիցը տեսել է, որ փողոցը փակ է մինչև Ս.Հովհաննես եկեղեցի, որի մոտ տասնյակ մեքենաներ են կայանված, որոնցից մի մասը ոստիկանության համարներով: Եկեղեցում մեկնարկել էր թաղման արարողությունը: Եկեղեցու մոտ կանգնած մարդիկ մեր թղթակցին ասել են, որ ընթացքում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քեռու թաղման արարողությունը:
Հիշեցնենք, որ Ս. Հովհաննես եկեղեցու մոտ փողոցը փակ է եղել նաև երեկ: Այդ առնչությամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է գրել ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել և պարզել, թե արդյոք ավելի քան մեկ տասնյակ ոստիկանական մեքենաները տվյալ ժամանակ, տվյալ վայրում ծառայություն էին իրականացնում, թե ծառայողական մեքենաները օգտագործվել են մասնավոր նպատակների համար, ինչպես նաև քննել Ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհը փակելու օրինականության հարցը: