Քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանին Ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող օպեր-լիազորների պաշպանները կարծում են, որ անարդար է իրենց պաշտպանյալների դեմ քրեական գործ հարուցելն այն դեպքում, երբ Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած դեպքերից հետո ոչ մի ոստիկանի դեմ գործ չի հարուցվել:
«Դատելով մամուլի հրապարակումներից՝ ես հասկանում եմ, որ ոստիկանությունը չի համարում, որ որոշ աշխատակիցներ չարաշահել են լիազորությունները: Մինչդեռ ես կարծում եմ, որ նրանք կատարել են հրաման, սակայն այդ գործողությունները եղել են օրենքից դուրս, մինչդեռ մեր պաշտպանյալները կատարել են օրենքով ոստիկանության մասին 29, 30 հոդվածներով նախատեսված լիազորությունները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեղադրյալներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նշենք, որ օպեր-լիազորները մեղադրվում են պաշտոնական կեղծում կատարելու և, իրենց լիազորությունները գերազանցելով, ուրիշին և պետությանը էական վնաս պատճառելու մեջ: Ըստ մեղադրականի՝ բերման ենթարկելով Հովսեփյանին՝ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը ծեծել են նրան՝ մի շարք գողությունների մեջ խոստովանություն կորզելու համար, և դա արել են հոկտեմբերի 3-ին, մինչդեռ խախտումով արձանագրության մեջ գրել են, թե Հովսեփյանին բերման են ենթարկել միայն հոկտեմբերի 4-ին:
Քրեական գործի մասին ասուլիսին մասնակցում էր Խաչիկ Բախբուդարյանի պաշտպան Արայիկ Ալավերդյանը, ով հերքել է, թե իր պաշտպանյալները խոշտանգել են բերման ենթարկվածին: Ըստ պաշտպանի՝ ինքը՝ Հովսեփյանը, իրեն վնասել է՝ ձեռնաշղթաների միջոցով, ուղղակի դա ոչ ոք չի փորձել կանխել: Մյուս վնասվածքները մի կապտուկ են և ականջի վնասվածք:
«Կապտուկը հնարավոր է օպեր-լիազորների կիրառած մարտավարական հնարքների հետևանք է, ըստ դատաբժշկական փորձաքննության, սակայն ականջի վնասվածքի վաղեմությունը հնարավոր չէ որոշել»,- ասել է փաստաբան Ալավերդյանը:
Նա հիշեցրել է, որ տուժող Հովսեփյանը մի քանի անգամ նախկինում դատապարտված է եղել գողությունների, թմրանյութերի օգտագործման, և հենց գործի առարկա ձերբակալման փաստով արդեն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման,ուստի, ըստ փաստաբանի, «բնութագրիչ» վարքի տեր է:
Այն հարցին, թե ինչու են երկու ոստիկաններին ուզում ազատազրկել, եթե նրանք մեղավոր չեն, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասել է, որ այդպիսով փորձ է արվում ցույց տալ, թե ոստիկանները ևս պատժվում են իրենց հանցագործությունների համար:
Նշենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ տուժող Ռոբերտ Հովսեփյանը պատմել էր, որ Կենտրոնական բաժնի նախկին քննչականի պետ Արթուր Մկրտչյանը օպեր-լիազորներին ասել էր՝ «էնքան ջարդեք, մինչև խոստովանի»: Հովսեփյանի պնդմամբ՝ ծեծին մասնակցել են ոչ միայն մեղադրվող օպեր-լիազորներըև, այլ նաև երկու այլ ոստիկաններ: