Home / Հայաստան / Ասոցացման համաձայնագիրը հնարավոր է համատեղել. Եվրահանձնաժողովն արձագանքում է Հայաստանի որոշմանը

Ասոցացման համաձայնագիրը հնարավոր է համատեղել. Եվրահանձնաժողովն արձագանքում է Հայաստանի որոշմանը

Եվրահանձնաժողովը ի գիտություն է ընդունում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ցանկությունը և ակնկալում է հայաստանյան կողմից բացատրություններ ստանալ, թե ինչպես է Հայաստանը համատեղելու այդ ցանկությունը և Ասոցացման պայմանագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասված է երեկ Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Եվրոպական կողմն ընդգծում է, որ Հայաստանի հետ խորհրդակցությունների ավարտից անմիջապես հետո կներկայացնի ապագա զարգացումների վերաբերյալ իր եզրակացությունները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից նախաձեռնած Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Եվրահանձնաժողովը հայտարարության մեջ հիշեցնում է, որ 2013 թվականի հուլիսին 3,5 տարի հետո եվրոպական կողմն ավարտին է հասցրել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

«Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտար ԵՄ աջակցությամբ առաջ տանել արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա», – նշում է Եվրահանձնաժողովը՝ ընդգծելով, որ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը կարևորագույն նշանակություն ունեն բարեփոխումների իրականացման համար, որոնք օգտակար կլինեն բոլորի համար:

Այնուամենայնիվ, հայտարարության հեղինակները նաև ընդգծում են, որ տվյալ բարեփոխումները կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ պետությունների հետ տնտեսական համագործակցության հետ: