Հայաստանյան շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 5 սուպերմարկետներում մեկ հավկիթը թանկացել է 5 դրամով: Այս պատճառով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 5 օր ժամանակ է տվել ձվի արտադրության և իրացման շուկայում գերիշխող 4 ընկերություններին՝ հանձնաժողով ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ: Վերջնաժամկետը լրանում է այսօր: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանին:
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի ձվի վաճառքի և տեսակավորման պատասխանատու Գրիգոր Հովսեփյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես՝ որպես սպառող, տեղյակ եմ, որ ձուն խանութներում թանկացել է: Բայց որպես ընկերության ներկայացուցիչ չեմ կարող պարզաբանել՝ ինչու է թանկացել: Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»:
«Ժողովուրդը» նշում է, որ «իրավասու մարդու» հետ ողջ աշխատանքային օրվա ընթացքում գտնել չի հաջողվել: