Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանն իր Համաներման որոշման մասին իր նկատառումներն է ներկայացրել:
Համաներման որոշման ընդունման հարցը գրեթե ոչ ոքի կողմից կասկածի տակ չդրվեց: Այն իրապես անհրաժեշտ Որոշում էր: Համաներման վերաբերյալ սույն նյութը, սակայն, վերաբերվում է ոչ թե դրա անհրաժեշտությանը, այլ այդ անհրաժեշտ և մարդասիրական ինստիտուտի հնարավոր վարկաբեկմանը, որի վտանգը կարծես թե առկա է:
Միամտություն կլինի կարծել, թե փաստաթուղթը կազմվել, քննարկվել, մշակվել, հաստատվել է մի քանի օրվա ընթացքում (Արդարադատության նախարարի ԱԺ-ում որոշման քվերակությունից առաջ կատարած հայտարարությունից, թե «Երեկ գիշերն իմ կյանքի ամենադժվար գիշերներից մեկն էր, երևի այն հոգեվիճակում էի, ինչ հոգեվիճակում գտնվում էին դատավորները, դատավճիռ կայացնելիս, թեպետ պարզ հասկանալի է, որ մենք արդարադատություն չենք իրականացնում», տպավորություն էր ստեղծվում, թե նախորդ գիշերն են պատրաստել փաստաթուղթը):
Անդրադառնալով որոշմանը` նշեմ որոշ մտահոգող նկատառումներ:
Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանել է` «Պատժից ազատել … այն անձանց …, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են` առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը»:
Որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանել է` «Պատժից ազատել, …այն անձանց, որոնք անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը»:
Կարծում եմ, նշված երկու կետերի (ենթակետերի) կատարման ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ և արդարացի դժգոհություններ: Օրինակ` անձը կատարել է հանցագործություն և կալանվորվել է նախաքննության սկզբում, մեկ այլ անձ նույն օրը կատարել է նույնանման հանցագործություն, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, մեղադրական դատավճռով երկուսն էլ նույն հոդվածով ազատազրկվել են, և դատավճռով դատապարտյալների համար սահմանվել է ազատազրկման ժամկետի հաշվարկի տարբեր օրեր (առաջինի դեպքում` կալանավորման օրը, երկրորդի դեպքում` դատավճռի կայացման օրը):
Հաշվի առնելով Համաներման որոշման մեջ նշված ժամկետները` ակնհայտ է, որ այն դատապարտյալը, ում ազատազրկման ժամկետի սկիզբը հաշվարկվել է նախաքննության սկզբից, կարող է համապատասխանել Համաներմամբ սահմանված պայմաններին, և Համաներումը նրա նկատմամբ կկիրառվի, իսկ մյուս դատապարտյալը, ում նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է գրավ, և ազատազրկման ժամկետի սկիզբը հաշվարկվել է դատավճռի կայացման օրվանից, չի համապատասխանում Համաներման որոշմանը, և Համաներումը նրա նկատմամբ չի կարող կիրառվել: Սա ոչ միայն անարդարացի, այլ նաև ոչ մարդասիրական «կարգավորում է»: Անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելը, անկախ դրա ձևից, ինքնին պատիժ է, և միայն այն հանգամանքը, որ խափանման միջոցները անձանց նկատմամբ տարբեր են, չպետք է խոչընդոտ հանդիսանա Համաներում կիրառելու հարցում:
Հաջորդ խնդիրը հետևյալն է. համաձայն Համաներման որոշման 5-րդ կետի` «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը …»:
Հարկ է նշել, որ կետի առաջին մասի` «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել» մտքին (արտահայտությանը) վերաբերելի ենթական «քրեական գործեր» արտահայտությունն է: Չեմ ցանկանում անդրադառնալ որոշման քերականական թերություններին (դա մասնագետների գործն էր), բայց իրավաբանորեն պարզ է, որ նշված ենթական որպես կանոն կարող է ընդհանրապես վերաբերելի չլինել ընդգծված մտքին, չէ որ սույն դեպքում «չհարուցված» բառն ինքնին բացառում է «քրեական գործ» հասկացության առկայությունը:
Իմ մեջ «խեղդելով» մասնագիտական համոզմունքը (դա կարելի է անել մարդասիրական մղումներից ելնելով)` դժվարությամբ ընդունում եմ, որ կետը վերաբերվում է ոչ միայն հարուցված քրեական գործերին, այլ նաև` նախապատրաստված նյութերով գործերին:
Չնայած օրենսդրական կարգավորումների առկայությանը (պետք է խոստովանենք` ոչ լիարժեք)` հարուցված և չհարուցված (նախապատրաստված նյութերով) քրեական գործերով Համաներում կիրառելու կամ չկիրառելու հարցը խոշոր հաշվով դատախազության հայեցողական մենաշնորհն է: Չենք կարող հաշվի չառնել օբյեկտիվ իրականությունը: Եթե «պետք է» Համաներում կիրառել, ապա դժվար չէ մեղադրանքի ծավալը «համապատասխանեցնել» Համաներման պայմաններին, եթե «պետք չէ» Համաներում կիրառել, ապա դժվար չէ մեղադրանքի ծավալը «չհամապատասխանեցնել» Համաներման պայմաններին: Սրանք էլ կառաջացնեն դժգոհություններ և կոռուպցիոն մեծ ռիսկեր:
Համաներման որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետը սահմանում է` «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատել` վեց ամսով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (թվարկվում են հոդվածները) նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ»:
Նշված հոդվածները շատ են, դրանց բոլորին հարկ չկա անդրադառնալ:
Պատժաչափի` վեց ամսով կրճատման «մարդասիրական» լինելու համար բավական է երկու կամայական օրինակ. ենթակետի մեջ, ի թիվս այլ հոդվածների, ներառված է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասը (Ավազակություն, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 269-րդ հոդվածը (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելը կամ շորթելը, պատժվում են ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, հոդվածի 3-րդ մաս):
Պատկերացնենք, որ երկու դեպքում էլ գործ ունենք դատապարտյալների հետ, ովքեր դատապարտվել են 15 տարի ժամկետով ազատազրկման: Համաներման շնորհիվ նրանց պատժի չափը կրճատվում է վեց ամսով: Առաջին հայացքից սա մարդասիրական քայլ է: Սակայն հաջորդ մարդասիրական քայլը` Համաներումը, որը կարող է տեղի ունենալ, օրինակ, 2-3 տարի հետո, այլևս այդ դատապարտյալների նկատմամբ չի կարող կիրառվել (օրինակ` սույն Համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում նույնանման ակտ արդեն կիրառվել է): Եվ սա այն դեպքում, որ այս «մարդասիրական» վեց ամիսների փոխարեն հաջորդ Համաներումը կարող է նրանց համար ազատություն ստանալու գին արժենալ:
Որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետը սահմանում է` «Սույն որոշման կատարումը վերապահել` հետաքննության և նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները»:
Կարծում եմ` կետի (ենթակետի) կատարումը մեծ հաշվով բխում է որոշման 5-րդ կետի պայմաններից, սակայն չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպես պիտի ապահովվի, եթե որոշման 5-րդ կետի պայմանները կարող են տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ (վերևում դրանց անդրադարձել ենք): Նույնը կարող ենք նշել նաև որոշման 6-րդ կետի վերաբերյալ:
Սույն նկատառումների ներկայացմամբ որևէ մտադրություն չունեմ կասկածի կամ հարցականի տակ դնել Համաներման որոշման անհրաժեշտությունը, իմ համեստ կարծիքը ոչ մի որոշիչ նշանակություն չունի: Միայն մեկ մտահոգություն ունեմ. Համաներման կիրառման մեխանիզմների, կարգավորումների թերությունների և բացթողումների պատճառով մենք կարող ենք վնասել իսկապես իրական և անհրաժեշտ ինստիտուտը` Համաներումը: Առավել ևս, որ այս ինստիտուտի միջոցով Պետությունն իր ուղղակի և անմիջական մարդասիրական ազդեցությունն է թողնում հասարակության տասնյակ հազարավոր անդամների վրա:
Ի վերջո, այսօրինակ ակտերի ընդունումը պետք է լինի լիարժեք և անխոցելի, արդարացի և ճիշտ: Այն պետք է լինի ոչ թե լավ, այլ` շատ լավ մշակված, հարկ եղած դեպքում` անքուն գիշեր պետք է անցկացնել ոչ թե քվեարկությունից առաջ, այլ` դրանից շատ օրեր առաջ: Այլապես կարող է տպավորության ստեղծվել, որ փաստաթուղթն ընդունվել է ոչ թե մարդասիրական մղումներից ելնելով, այլ որոշ անձանց կամ որոշ գործերի համար կամ էլ եվրոպացիներին ցույց տալու նպատակով:
Համաներման որոշման ընդունման անհրաժեշտության կողմնակից, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյան