Եվրախորհրդարանի անդամ, Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, ով այս օրերին գտնվում է Երևանում, «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում պատմել է՝ ինչու է տապալվել հոկտեմբերի 28-29-ին Երևանում նախատեսված Հանձնաժողովի նիստը և ինչու պատվիրակության անդամները հրաժարվեցին գալ Հայաստան:
«Նախ՝ կար Հայաստանի նկատմամբ հետաքրքրության պակաս: Մեկ այլ պատճառ կապված է Վրաստանի նախագահական ընտրությունների հետ. քանի որ մենք նաև Վրաստան-Ադրբեջան պատվիրակության անդամ ենք, հանձնաժողովի ներկայացուցիչներից շատերն այս վերջին օրերին Թբիլիսիում դիտորդական առաքելություն էին իրկանացնում և զբաղված էին: Մյուս պատճառն էլ պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքականության անակնկալ զարգացումով: Հայաստանի նախագահը ցանկություն հայտնեց գնալ դեպի Մաքսային միություն, ինչը, ցավոք, համատեղելի չէ Եվրամիության և Հայաստանի միջև արդեն իսկ պլանավորված փաստաթղթի ստորագրման հետ, որի վրա մենք աշխատել ենք ավելի քան 3 տարի: Այսինքն, տեղի է ունեցել որոշման փոփոխություն, և մեզ հիմա այդ առումով շատ ավելի ինֆորմացիա է հարկավոր», – ասել է Ցաբրնոխը:
Եվրախորհրդարանի ադնամը, սակայն, նշել է, որ իրենք ցանկություն ունեն շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները:
«Եվրախորհրդարանն ուզում է ավելի ակտիվ դեր և ներգրավվածություն ունենալ կոնֆլիկտների լուծման հարցում: Խոսքը Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին է: Վիզաների դյուրացմամբ ԵԽ-ն արդեն իսկ, այսպես ասած, կանաչ լույս վառեց Հայաստանի համար: Մենք ակնկալում ենք նույն մոտեցումը Հայաստանի կողմից», – ասել է Ցաբրնոխը:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը ափսոսում է, որ Ռուսաստանը ցանկանում է որոշակի ազդեցություն ունենալ այն երկրների վրա, որոնք պատրաստվում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել:
«Մենք Ռուսաստանի նման գործունեությունը չենք ողջունում <…> Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի համար: Մենք չենք ցանկանում պայքարի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Մենք ուզում ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք իրենց որոշումներն ընդունում են ազատ ու ինքնուրույն», – ասել է ԵԽ անդամը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում