Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի (լուսանկարում) որդին՝ Դավիթ Վարդանյանը, հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայություններից՝ նշելով որ ցանկանում է օգտվել փաստաբանի վճարովի ծառայությունից: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավիթ Վարդանյանի արդեն իսկ նախկին պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը:
Հանրային պաշտպանից հրաժարվելու պատճառների մասին փաստաբանը տեղյակ չէ և նշել է, որ դա Դավիթ Վարդանյանի իրավունքն է և «որ դրանից ողբերգություն սարքել պետք չէ»:
Հարցին` գուցե բարձրացված մեծ աղմուկն էր պատճառը, որ նախարարի որդին օգտվում է հանրային պաշտպանի ծառայություններից, փաստաբանը պատասխանել է, որ չգիտի:
Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանը, ում ձերբակալել են հայ-իրանական սահմանին, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը):
Լուսանկարը՝ Aravot.am