Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված հոգեբուժական բաժանմունքի հիվանդներ, զինծառայողներ Ռազմիկին և Արշակին (ազգանունները չեն նշվում) դեպքից հետո տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Դավիթ Մարկոսյանին՝ Նուբարաշենի հոգեբուժարան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Ավելի ուշ, սակայն, զինծառայողների գտնվելու վայրը կրկին փոխվել է: Երեկ թերթի հետ զրույցում Դավիթի հայրը` Սամվել Մարկոսյանը, ասել է, որ իր որդուն հոգեբուժարանից կրկին տեղափոխել են Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ, իսկ ահա Ռազմիկին և Արշակին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ «Նուբարաշենի» հոգեբուժարան:
«Չգիտեմ, թե այս ամենն ինչով կավարտվի, բայց իմ որդուն էլ ասել են, թե առաջիկա շաբաթում ազատ կարձակեն», – ասել է տղայի հայրը:
Նշենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել էր մեկնաբանություններ տալ դեպքի առնչությամբ:
«Միջադեպի մեջ ներքաշված երեխաների վիճակն այնպիսին է, որ սխալ է այդ լուրերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում», – ասել է մամուլի խոսնակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում