ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակելու համար դատապարտված Խաչատուր Պողոսյանի (նկարում՝ աջից) կնոջ վրա ճնշում են գործադրել ԱԱԾ-ում: Այս մասին երեկ Վերաքննիչ դատարանում բարձրաձայնել է ինքը՝ Պողոսյանը:
«Ինձ ձերբակալելու ժամանակ կնոջս բերել են ԱԱԾ և վախեցրել՝ ասելով, որ եթե չասի իրենց ուզածը, գործ կհարուցեն այն մասին, թե իբր ինքն իմացել է հանցագործության մասին, սակայն տեղյակ չի պահել», – նշել է 14 տարվա ազատազրկման դատապարտված Պողոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Խաչատուրի կնոջ` Նոնա Հակոբյանի հետ։ Վերջինս պատմել է, որ ինքը եղել է ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հրանտ Եպիսկոպոսյանի և ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանի մոտ.
«Գեներալ Եպիսկոպոսյանն ինձ անձամբ ասաց, թե քո ամուսինն ասաց այն, ինչ պետք է ասեր, հիմա կբարձրանաս վերև, մի երկու բան կգրես ու կգնաս տուն»:
Թերթի հետ զրույցում Հակոբյանը նշել է նաև, որ Եպիսկոպոսյանի մոտից նրան տարել են Մարուքյանի սենյակ, որտեղ բերել են ամուսնուն. «Դե երևի ինչ իրենց պետք է, Խաչիկն ասել էր, դրա համար ինձ տուն թողեցին: Չգիտեմ, միգուցե, Խաչիկին ասել են՝ գրի՛ր, լավ կլինի»:
Նոնա Հակոբյանն ասել է, որ չէր բարձրաձայնում այդ մասին, որովհետև վախենում էր:
«Հիմա էլ Խաչիկի այս խոսքերից հետո կլսեք, որ կա՛մ նրա կամեռն են փոխել, կա՛մ ճնշում են գործադրել: Հիմա էլ չգիտեմ՝ ինչ կլինի: Շատ անհանգստացած եմ», – նշել է Խաչատուր Պողոսյանի կինը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում