Կիևի Անկախության հրապարակում հավաքված ցուցարարների մեծ մասը, ովքեր բողոքում են Ուկրաինայի իշխանությունների քաղաքականության դեմ, այսօր առավոտյան շարժվել է դեպի Ուկրաինայի կառավարության շենք ու նախագահական նստավայր՝ Ուկրաինայի դրոշները ձեռքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցուցարարները արգելափակել են Ուկրաինայի Ազգային բանկի բոլոր մուտքերը, ինչպես նաև Կառավարության շենքի մուտքերից մի քանիսը։ Նրանք պահանջում են նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու կառավարության հրաժարականը՝ ի դեմս Նիկոլայ Ազարովի, ինչպես նաև Ռադայի լուծարումը։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ընդդիմությունը հայտարարել է Կիևում՝ Գերագույն ռադայի, Կառավարության շենքի ու նախագահական նստավայրի շրջանում բոլոր վարչական շենքերի արգելափակման մասին։ Նախագահի վարչակազմի շենքի մոտ առավոտից նույնպես ցուցարարներ են հավաքվել։ Ականատեսների խոսքով՝ Կառավարության շենքի ու Ուկրաինայի Ազգային բանկի միջև արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Կառավարական թաղամասը տարբեր կողմերից արգելափակել են մեքենաներ ու ակցիայի մասնակիցներ։
NEWSru.ua-ի տվյալներով՝ «Բերկուտ» հատուկ ծառայությունը պատրաստվում է հարձակվել ցուցարարների վրա։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Ներքին զորքերի մամուլի ծառայությունը հերքել է ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ հենց Ներքին զորքերի զինծառայողներն են ուժային գործողություններ իրականացրել Անկախության հրապարակում լույս շաբաթ գիշերը, որի հետևանքով ավելի քան 30 մարդ վիրավորվել էր։
Ավելի վաղ «Ուկրաինսկայա պռավդա»-ն հայտնել էր, որ հենց Ներքին զորքերի ծառայողներն են ցրել «Եվրամայդանը»։