«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում անհամաձայնություն են հայտնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խոսքերի հետ։ Նշենք, որ Սարգսյանն ասել էր, թե «ցանկացած դեմոկրատական հասարակությունում լինում են մարդիկ, որոնք դեմ են այս կամ այն երևույթներին, մենք շատ հարգալից ձևով լսում ենք նրանց կարծիքը, բայց մենք վճռական ենք մեր տրամադրություններում, ռեֆորմները հասցնել տրամաբանական ավարտին»։ Վարչապետը նաև նշել է, որ ԱՊՊԱ-ի ներդրման դեմ նույնպես կարծիքներ են հնչել, սակայն այն այսօր հաջողությամբ գործում է։
Ծրագրավորողները, իրենց հերթին, ընդգծում են, որ հիմնականում աշխատում են միջազգային ընկերություններում, որտեղ սկսնակ ծրագրավորողի համար ամսական երկիր է մտնում մոտավորապես $750-1500, միջին մասնագետի համար` մոտ $1500-2500, ավագ մասնագետների համար` մինչև $5000, իսկ մենեջերների համար` դրանից էլ ավելի գումար:
«Այսինքն, ՏՏ ոլորտի մասնագետները, իրենց համակարգչի դիմաց նստած, առանց որևէ ռեսուրս ՀՀ-ից արտահանելու, ապահովում են հսկայական գումարների անընդհատ հոսք դեպի հանրապետություն: Նշենք, որ նույնիսկ երկրի ամենահայտնի և հարգարժան բջջային օպերատորները, թեև վճարում են ահռելի հարկեր, բայց ի վերջո, դրանք արտասահմանյան ընկերություններ են և ընկերության իրական շահույթը, որը գոյացել է մեր` ՀՀ քաղաքացիների հաշվին, գնում է երկրից դուրս:
Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը փաստացի ավելացնում է նոր բաղադրիչ մեր աշխատավարձերի մեջ, որը ոչ բոլոր արտերկրյա ներդրողներն են պատրաստ ապահովել, և նոր նախագծերը պարզապես կգնան մեր մրցակից երկրներ, որոնց թիվը օրեցօր աճում է:
Նշեմ նաև, որ բոլոր այն ընկերությունները (բջջային օպերատորներ, բանկեր), որոնք հայտարարել են, թե իրենց աշխատակիցների նոր ֆինանսական բեռը կվերցնեն իրենց վրա, միանշանակ դա անելու են որոշ ծառայությունների թանկացմամբ, այսինքն կրկին մեր` հարկատու քաղաքացիներիս, հաշվին:
Կառավարությունը բազմիցս նշում է, որ աջակցում է ՏՏ ոլորտին և ՏՏ ոլորտի բոլոր ձեռքբերումները ներկայացնում է որպես իր հաղթանակ: Սա անհեթեթություն է: Կառավարությունը երբեք և ոչնչով չի աջակցել այս ոլորտին, այլ պարզապես չի խանգարել», – ասված է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Անդրադառնալով վարչապետի խոսքերին՝ հայտարարության հեղինակները նշում են, որ դեմ չեն կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներին և կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարին, այլ դեմ են կառավարության կողմից դրա անհեթեթ իրականացման ուղիներին:
«Կառավարական կողմն անընդհատ նշում է, որ իրենք 10 տարի է աշխատում են այս օրենքի շուրջ: Խնդրում եմ, թող նշեն այդ 10 տարիների ընթացքում որևէ միջոցառում, որը զանգվածայնորեն լուսաբանել է այս օրենքի որևէ կետ: Նույնիսկ վեջին 3 տարիների ընթացքում, երբ նշյալ օրենք-թյուրիմացությունը գործում է կամավոր սկզբունքով, ոչ մի զանգվածային լուսաբանում չի կատարվել:
Այս օրենքն անընդհատ փորձում են համեմատել ԱՊՊԱ-ի հետ, բայց այդ համեմատությունն անհեթեթություն է: Նախ, ԱՊՊԱ-ն ինքնին լավ գաղափար է և մեր երկրում ունի նորմալ իրականացում: Ես չեմ կարծում, որ գիտակից և սթափ մարդիկ կարող են բողոքել դրա դեմ, ու այս դեպքում էլ մարդիկ այլընտրանք ունեին` մեքենա չվարել, քանի դեռ չեն ապահովագրել: Այսինքն, կար ելք այդ բեռի տակ չընկնելու: Հետո, ԱՊՊԱ-ի համար մարդ վճարում է տարեկան կտրվածքով և անմիջապես կարող է տեսնել իր վճարած գումարների արդյունքները: Իսկ Կենսաթոշակային օրենքի շրջանակներում ամսական վճարման ենթակա գումարը որոշ մարդկանց մոտ լինելու է ավելի, քան ԱՊՊԱ-ի տարեկան վճարումն է, իսկ արդյունքների տեսանելիությունը դեռ պարզ չէ, երբ կլինի և ինչպես:
Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս օրենքի բազում թերությունները, սակայն կառավարությունը խուլ է դրանց նկատմամբ: Առանձնացնենք դրանցից կարևորագույնները.
1. Ինֆլյացիա (դրամի արժեզրկում) – վերջին 20 տարիների ընթացքում դրամի գնողունակությունը նվազել է մոտ 100 անգամ. 90-ականներին, օրինակ, կարագն արժեր 27 դրամ, հիմա մոտ 3000: Ես նույնիսկ վախենում եմ մտածել թե ինչ կլինի 30-40 տարի անց: Կառավարությունը հայտարարում է, որ հետագայում թոշակները կինդեքսավորվեն, բայց իրենց իսկ առաջարկած օրենքում, նման կետ չկա, այսինքն՝ նրանք սա հայտարարում են կրկին անհիմն և միայն «ազնիվ խոսքի» սկզբունքով:
2. Բարձր դրույքաչափեր – մեր տնտեսությունը և քաղաքացիները պատրաստ չեն պարտադրվող նոր տնտեսական բեռին: Այս մասին շատ է խոսվել, չմանրանանք:
3. Ֆոնդեր – նշյալ միջազգային ֆոնդերի գաղափարը այս խաբեության գագաթնակետն է: Ինչ է ստացվում` պետությունը ժողովրդից ամսական հավաքում է ինչ-որ Ա գումար, դրան պետական բյուջեից ավելացնում է Բ գումար, և այդ ողջ գումարը մինչև 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը իր հայեցողությամբ ներդրումներ է կատարում այդ գումարներով, օրինակ, գնում է մեր իսկ երկրի Գանձապետական Պարտատոմսեր, որոնց դիմաց հետագայում կրկին բյուջեից պետք է վճարվեն տոկոսներ: Այսինքն մեզանից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով` տոկոսով: Ստացվում է անվերջ ցիկլ, որը բերում է երկրի՝ առանց այն էլ ոչ փայլուն տնտեսության հյուծման: Եթե մի օր էլ նշյալ ֆոնդերը, երկիրը բավականաչափ քամելուց հետո, հանկարծ հայտարարվեն սնանկ, երկրի տնտեսությունը պարզապես կվերանա, և մենք երանությամբ կհիշենք 90-ականները: Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա», – եզրափակում են հայտարարության հեղինակները: