Երեկ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։ Թամամյանին ազատ արձակելու միջնորդությունը ներկայացրել է ՔԿՀ-ն այն հիմքով, որ նա օրինապահ դատապարտյալ է եղել։
Նախկին պաշտոնյան 2012 թվականին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման և 2 տարի ժամկետով զրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Սեպտեմբերին հայտարարված համաներման արդյունքում՝ նրա պատժաչափը կրճատվել էր 4 ամսով, իսկ ընդհանուր առմամբ նա դեռ 1 տարուց ավելի պետք է ազատազրկման մեջ լիներ։
Հիշեցնենք, որ Թամամյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրներին հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորություն իրականացնելու, ինչպես նաև 2010թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Խաչիկ Մկրտչյանի սպանելու գործի ընթացքում օրենքի խախտումներ թույլ տալու մեջ: Մկրտչյանի սպանության գործի դատաքննությունն աղմկահարույց ընթացք է ունեցել, իրավապաշտպանները բարձրաձայնել են գործում առկա բազմաթիվ խախտումների և քաղաքական պատվերի մասին։