Սայաթ-Նովա 10-12 հասցեում շինարարություն իրականացնող «Լարկո գրուպ» ընկերության աշխատակիցների ու բակի բնակիչների միջև լարվածությունը վերջին շրջանում այնքան է սաստկացել, որ վերջիններս սկսել են լրջորեն անհանգստանալ իրենց ընտանիքների ապահովության համար։ Այս մասին բնակիչները պատմել են բակ այցելած Epress.am-ի թղթակցին։
Նրանց խոսքով՝ ընկերության ներկայացուցիչները ցանկացած պահի պատրաստ են կռիվ հրահրել ու իրենց դրդել անկանխատեսելի քայլերի։
Բակի բնակիչ սարկավագ Անդրանիկ Մանուկյանը պատմել է, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչները վարձակալել են իր տան դիմացի բնակարանը, որտեղ, տարբեր աղջիկների հետ ընկերության աշխատակիցներից ու բանվորներից բացի, գիշերում են ոստիկանները, բնակիչներին «վախեցնելու համար նախատեսված «խարոշիները»։
Մանուկյանը նշել է, որ իրենք խոսում են օրենքի, իսկ այդ «կերպարները»՝ բռնության ու ուժի լեզվով՝ «երբ իրենց պետք էր՝ բանակն էլ եկավ, զորքն էլ, պետությունն էլ, եկան սպառնացին, հետո էլ ինձ ասացին, որ ես 30 տարի այս երկիրը քանդում եմ»։
«Հիմա, երբ խնդրում ենք, որ օրենքով մեզ պաշտպանեն, ոչ մի ոստիկան մեր կանչով բակ չի գա, ոչ մի պաշտոնյա մեզ չի ուզում լսել կամ ընդառաջել։ Ամեն տեղ դիմել եմ ու մերժվել, օրեր առաջ նամակով խնդրել եմ Սերժ Սարգսյանին ընդունել ինձ ու վերջապես հասկանալ՝ ինչո՞ւ է շինարարության հետ մշտապես շահարկվում իր անունը և տարբեր առիթներով մեզ զգուշացնում են «խելոք մնալ», ծանթոներից էլ ոմանք երբեմն ինձ հիշեցնում են, թե՝ «Անդո ջան, պրոստո ախպերական քեզ ասում ենք՝ յան տուր, նախագինն ա, մեկ ա՝ բան էլ չեք կարա անեք»», – եզրափակել է մեր զրուցակիցը։
Բնակիչներն անակնկալի են եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ երեկվա ստացած պատասխանից, այն է՝ «ի վիճակի չենք ձեզ օգնել, մի քանի անգամ եկել-տեսել ենք, ձեր վիճակը հասկանում ենք, ուղղակի շատ բարդ գործ է՝ քաղաքապետն ու քաղաքապետարանը չեն թողնում, որ մենք խառնվենք»։
«Ութ շենքի մեքենաների ճանապարհն արգելափակում են «Լարկոյի» պարոնները ու չեն թողնում մեքենաները ելումուտ անեն բակ, ինչ ա թե ցեմենտ-բետոն են բերում։ Ցեմենտ դատարկող մեքենան օրը 4-5 անգամ 3-4 ժամով գալիս՝ մի կերպ հետուառաջ անելով տեղավորվում ա, եթե փորձենք խոսել՝ միանգամից հայհոյում ու ոստիկաններին բակ են լցնում, իսկ մեր կանչով ոչ մի ոստիկան դեռ չի եկել։ Մենք մեր բակում պլենի մեջ ենք, սրանք մեր ընտանիքների ու հարազատների ամբողջ կենսագրությունը գիտեն», – ասել է Հռիփսիմե Պետրոսյանը։
Բնակիչների հետ զրույցի ընթացքում մեծ դժվարությամբ բակ մտնող շինտեխնական փորձել է տեղավորվել տարածքում․ բնակիչներից մի քանիսը շինարարին հիշեցրել են, որ աշխատանքային օրն ավարտվել է, ու իրենք իրավունք ունեն կանգնել իրենց բակում։
Շինարարը անմիջապես բորբոքվել ու սկսել է տարատեսակ սպառնալիքներ հնչեցնել ու խոչընդոտել մեր լրագրողի աշխատանքը՝ «ստեղ կանգնելուդ ամեն 5 րոպեի համար պատասխան ես տալու»։
«Ձեր հետ լավով խոսում ենք՝ չի ըլնում, ջանով խոսում ենք՝ չի ըլնում, պարապ եք մնացել, գնացեք դատի տվեք», – բղավել է շինարարը, իսկ երբ բնակիչները հակադարձել են, թե աղմուկն ու շինարարական փոշին իրենց խանգարում են, վերջինս «խորհուրդ է տվել գնալ Սայաթ-Նովա փողոց ու այնտեղ մաքուր օդ շնչել»։
Կառուցապատողները բողոքող բնակիչներից շատերից պահանջել են հարմարվել կամ էլ վաճառել բնակարանները ու բնակարան ձեռք բերել, ասենք Նոր-Նորքում՝ «համ օդն ա մաքուր, համ էլ ահագին փող կմնա տակը ապրելու»։