Հայաստանն ու Ղրղզստանը ոչ միայն Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն են հայտնել, այլև արդեն այդ ուղղությամբ մեծ ծավալով աշխատանքներ են տարել։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօր քննարկման կներկայացվի Հայաստանի անդամակցման վերաբերյալ հետագա միջոցառումների «ճանապարհային քարտեզը»․ Ղրղզստանի հետ նմանատիպ փաստաթուղթը գտնվում է համաձայնեցման փուլում։ Մենք մտադիր ենք հետագայում էլ Երևանին ու Բիշքեկին անհրաժեշտ աջակցություն տրամադրել»,- Պուտինի խոսքերն է փոխանցում Regnum.ru-ն։
ՌԴ նախագահի համոզմամբ՝ Եվրասիական միության ընդլայնումն օգուտ կբերի ոչ միայն դրա մասնակիցներին, այլև ամբողջ տարածաշրջանին։
«Իհարկե, ինչպես մենք արդեն բազմիցս նշել ենք, միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն մեր կազմակերպության բոլոր պահանջները»,- ընդգծել է Պուտինը։