Home / Հայաստան / Լրագրողների աշխատանքը Տարոն Մարգարյանի պաշտպանության օրը չեն խոչընդոտել, վստահ է ոստիկանությունը

Լրագրողների աշխատանքը Տարոն Մարգարյանի պաշտպանության օրը չեն խոչընդոտել, վստահ է ոստիկանությունը

Ոստիկանությունը, ուսումնասիրելով դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած դեպքի մասին նյութերը, «հիմնավորված» չի համարել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին հայտարարությունը: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Այդ օրը մի խումբ ՀՀԿ-ական երիտասարդներ՝ համալսարանի ուսխորհրդի անդամներ, թույլ չեն տվել լրագրողներին բարձրանալ 3-րդ հարկ, որտեղ տեղի էր ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանությունը։ Բացի լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց, ՀՀԿ-ականները նաև սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել լրագրողների հասցեին։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը նկատողություն էր հայտարարել դեպքի ներկա երկու ոստիկաններին, իսկ միջադեպի մասնակից ՀՀԿ-ական ուսխորհրդի անդամներին թողել էր անպատիժ:

«Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն, ապա այդ դեպքում նրանց միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով»,- լրագրողներին դատարան դիմելու խորհուրդ են տալիս Ոստիկանությունից: