Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավիթ Վարդանյանի փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Նա նշել է, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասել է փաստաբանը:
Վերջինիս խոսքով՝ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի՝ չընկճվի»: Փաստաբանը շեշտել է նաև, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:
Վահան Հայրապետյանի փոխանցմամբ՝ գործի նախաքննությունը մինչև հունվարի վերջ կավարտվի և այն կուղարկվի դատարան:
Դավիթ Վարդանյանը բերման էր ենթարկվել 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի դա, ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: